ԱԺ-ում Գեղամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ գործը ՀՔԾ-ն կարճել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակական

ՀՀ ՀՔԾ-ն կարճել է օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱԺ նիստերի դահլիճում իշխանական պատգամավորների կողմից միջադեպ է հրահրվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Մասնավորապես՝ Հայկ Սարգսյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե բոլոր ՊՆ նախկին նախարարները, որոնց պաշտոնավարման տարիներին մարդիկ ազատվել են ծառայությունից՝ դավաճաններ են, ապա «արա»-ով դիմել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին, ինչից հետո Օհանյանը շիշ է նետել Սարգսյանի ուղղությամբ։

ԱԺ-ում վիճաբանություն է տեղի ունեցել, իսկ նիստը՝ ընդմիջվել։ Որոշ ժամանակ անց վիճաբանությունը շարունակվել է, երբ Վահե Հակոբյանի ելույթի ընթացքում իշխանական պատգամավորները նրան դիմել են «արա»-ով։ Դեպքի օրն իր խուլիգանական վարքագծով աչքի էր ընկել հատկապես «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը նախահարձակ էր եղել ու ոտքով հարված Վահե Հակոբյանին, հայհոյել ու թույլ տվել պատգամավորին ոչ հարիր վարքագիծ։ Վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ վնասվածքներ են ստացել ընդդիմադիր պատգամավորներ, նրանց թվում՝ զոհված զինծառայողի հայր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

ՀՔԾ-ն մերժել էր քրեական գործի հարուցումը՝ միջադեպ-ծեծկռտուքի դեպքի առթիվ, քրեական գործ էր հարուցվել միայն Գեղամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով, որը, փաստորեն, ամիսներ անց կարճվել է։

--00--ԿԿ