Թուրքիայի Մեջլիսը մերժել է Դինքի սպանությունն ուսումնասիրելու՝ Գարո Փայլանի պահանջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Թուրքական gazeteduvar-ը հայտնում է, որ Թուրքիայի խորհրդարանում  «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պահանջել է, որ Մեջլիսն զբաղվի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրությամբ: 

«Հրանտ Դինքը սպանվելուց հետո Թուրքիայում հավասարության, բազմակարծության նկատմամբ հասարակության կարոտի, ժողովրդավարության ու արդարության ձգտելու խորհրդանիշ է դարձել: Նրա սպանությունից անցել է 12 տարի, սակայն այդ գործը դեռ մնում է չբացահայտված։

Հրանտ դինքը ազգայնամոլականների թիրախում հայտնվեց Աթաթուրքի դուստր և թուրք առաջին օդաչու Սաբիհա Գյոքչենի վերաբերյալ 2004 թ. հոդված հրապարակելուց հետո, որով բացահայտում էր Գյոքչենի հայկական ծագում ունենալու հանգամանքը: Այդ հոդվածի վերաբերյալ այն ժամանակ հայտարարություն է տարածել Թուրքիայի ԳՇ-ն, Դինքը Ստամբուլի նահանգապետարանից զգուշացում է ստացել», - թուրքական Մեջլիսում ասել է Փայլանը:

Նա նաև հիշեցրել է, որ 2005 թ. Դինքի դեմ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատական գործ է հարուցվել:

«2005-ի ապրիլի 16-ին Դինքի դեմ «թրքությունը վիրավորելու» հատկանիշներով դատական գործ է բացվել»,-հավելել է հայազգի պատգամավորը: Փայլանը ասել է, որ Դինքի դեմ ազգայնամոլական տրամադրությունների գրգռման մեջ մեծ  է եղել պետական պաշտոնյաների և թուրքական մամուլի դերը, որոնք աննախադեպ ծավալի ատելության խոսք էին տարածում նրա նկատմամբ:

Թուրքիայի Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործի ուսումնասիրությամբ զբաղվելու և դրա բացահայտմանը նպաստելու Փայլանի առաջարկը: