Արամ Հարությունյանը կկալանավորվի. դատարանը բավարարեց ՀՔԾ-ի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է բնապահպանության նախկին նախարար, 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Դատական նիստի ավարտին հարապարկվել է նաև Արամ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: