Արցախում նախորդ շաբաթ գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի 28 պատահար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Արցախի ՆԳՆ

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը: 2021 թվականի հոկտեմբերի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 498 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են հրդեհի մասին ստացված կանչերը, որը մեծապես պայմանավորված է հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ:

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որից 2-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքում, մյուս 2 դեպքը՝ աղբանոցներում:

Զենք զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում: Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, ձեռքի 3 նռնակ և 1 պայթուցիչ:

Անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 28 պատահար: Փրկարարները կատարել են վերելակի 2, դռան՝ 8 բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում և ջրամատակարարում:

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից շարունակվում են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:

Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1681 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

--00--ԱԹ