Կցանկանայինք լսել կոնկրետ բացատրություններ. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

ՌԴ արտգործնախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը, որում վերջիններս արձագանքել էին հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան արգելելու ու դրա հետ կապված ՌԴ ԱԳՆ-ի դատապարտող կոչին: Տարածած հայտարարության մեջ ռուսական կողմն ուշադրություն է հրավիրել ադրբեջանցի գործընկերների արձագանքի՝ դիվանագիտական էթիկայի նորմերն ակնհայտորեն խախտող բնույթի վրա: Ռուսաստանի ԱԳՆ-ն զարմանք է հայտնել խնդիրը «չուռճացնելու» ադրբեջանական կողմի հորդորի առնչությամբ՝ նշելով, որ դա տարակուսանք է առաջացնում:

«Նման մոտեցումն անընդունելի է: ՌԴ քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանությունը ՌԴ նախագահի ղեկավարությամբ իրականացվող մեր արտաքին քաղաքականության անխոս առաջնահերթություններից է», - նշված է հայտարարության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ից հիշեցրել են 2018 թվականի մայիսին Հայրենական մեծ պատերազմի վետերան հանդիսացող հայազգի ՌԴ քաղաքացու մուտքն Ադրբեջան մերժելու, ինչպես նաև 2017-ի փետրվարին իր 4 տարեկան երեխայի հետ ՌԴ քաղաքացուհի կնոջը ժամեր շարունակ օդանավակայանում իրավապահների հսկողության տակ պահելու դեպքերը, որոնք ադրբեջանական կողմն անվանել է «մասնավոր դեպքեր»:

«Գործին ուղիղ առնչություն չունեցող դատողությունների փոխարեն կցանկանայինք լսել առարկայական բացատրություններ ռուսաստանցիների հետ կապված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ, կախված ադրբեջանական կողմի հետագա արձագանքից, կորոշեն իրենց հետագա քայլերը: