Հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը Հայաստանում է․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը Հայաստանում է։ Այս մասին հունվարի 18–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում լրագրողների հետ զրույցում ասել է Հարությունյանի պաշտպաններից Կարեն Հակոբյանը։

Նա հաստատել է այն տեղեկությունը, որ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են Հարությունյանին լքել հանրապետությունը։

«Նման խնդիր եղել է, պարո՛ն Հարությունյանը օրինական կարգով իր կնոջ բուժման նպատակով ցանկացել է մեկնել երկրից, սակայն ապօրինաբար, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ առանց որևէ իրավական հիմքի սահմանային անցակետերում արգելվել է վերջինիս ելքը Հանրապետությունից»,–ասաց փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալին պարզաբանել են, թե իբր  վարույթն իրականացնող մարմնի կողմից է արգելք սահմանված եղել։

Նա նշեց, որ համապատասխան որոշման առակայության դեպքում օրենքով կարող է սահմանափակվել միայն կասկածայալի եւ մեղադրյալի ելքը։

Պաշտպանի պնդմամբ՝ այդ ընթացքում Հարությունյանը գործով վկայի կարգավիճակ է ունեցել:

Նշենք, որ Հակոբյանն այս կապակցությամբ հաղորդում են ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին։

«Եթե վարույթն իրականացնող մարմինն է արգելե նրա ելքը, ապա այդ հարցով պետք է զբաղվեն այլ իրավասու մարմիններ»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 18–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարեկ է ՀՔԾ–ի միջնորդությունը և կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։

Արամ Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: