Մեր հասցեին հնչեցված վիրավորանքներն անպատասխան չենք թողնելու. Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

էդմոն

ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է այսօր իր եւ մի քաղաքացու միջեւ տեղի ունեցած միջադեպը:

«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ եմ բոլորիդ զանգերի, նամակների և ուղղակի անհանգստության համար։ Ինձ հետ ամեն բան կարգին է։

Կարճ խոսեմ այսօր առավոտյան ԼՀԿ գրասենյակի բակում տեղի ունեցած միջադեպի մասին. մեքենաս կայանելիս քաղաքացին մոտեցավ: Տեսնելով, որ ասելիք ունի, մեքենայի ապակին իջեցրի և, ըստ էության, արձանագրեցի, որ քաղաքացին, գլուխը մեքենայի պատուհանից ներս մտցնելով, փողոցը խառնել էր ֆեյսբուքի հետ՝ կարծելով, թե ֆեյսբուքում քաղաքական գործիչների հասցեին տրվող վիրավորանքները կարող է կանգնել ու հնչեցնել փողոցում ինձ հանդիպելիս։

Բնականաբար, նրա խոսքերն անպատասխան չմնացին։ Մի պահ նա սպառնում էր հարվածել ինձ, սակայն դա նրան ևս չհաջողվեց, քանի որ մեքենան կայանեցի և արագ ձեռքերից բռնեցի, հանդարտեցրի և բացատրական աշխատանք տարա իր հետ, արդյունքում նա գնաց իր ճանապարհով։

Հուսով եմ, որ ատելության այս մթնոլորտը մի օր այլևս տեղ չի ունենա մեր հասարակությունում, և մենք կապրենք իրապես համերաշխ, խաղաղ ու փոխադարձ հարգանքի միջավայրում։

Ամեն դեպքում, եթե մարդիկ ակնկալում են, որ մենք պետք է շրջենք զրահապատ մեքենայով և թիկնազորով, որպեսզի պաշտպանվենք տարատեսակ սադրանքներից և հարձակումներից, ապա ասեմ, որ դա մեր մասին չէ։ Նման վարքագծի և մեր հասցեին հնչեցված վիրավորանքների կրկնման դեպքում մենք նույն կերպ դրանք չենք հանդուրժելու և անպատասխան չենք թողնելու։

Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր խոսքի արժեքն ու չփորձի ոտնահարել դիմացինի արժանապատվությունը։ Ամեն խոսքի համար պատասխան տալ է պետք։

Ի դեպ, եղելության մի հատվածը՝ այն պահից, երբ ես իջնում եմ մեքենայից, «պատահաբար» գրասենյակի բակում նկարահանվել է անտիֆեյքի լրագրողների կողմից։

Ահա և հայկական համացանցը ցնցած վերջին նյութի պատմությունը»,- գրել է Մարուքյանը։

--00--ԱՀ