Հայաստանը միջանցքի հետ կապված որևէ առաջարկ երբեք չի ներկայացրել. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կտրականապես հերքել է Ադրբեջանի հետ ռազմական վերջին հակամարտությունից հետո Կովկասում նոր միջանցքների ստեղծման պլանները: Այս մասին նա հայտարարել է Իրանի «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում: Գրիգորյանը նշել է, որ ԼՂ տարածաշրջանում վերջին պատերազմը հիմք է նախապատրաստել տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության համար: 

Տարածաշրջանում ահաբեկիչների ու զինված ուժերի ներկայությամբ պայմանավորված անվտանգային սպառնալիքների առնչությամբ իր մտահոգությունը հայտնելով՝ Գրիգորյանը նշել է.

«Մենք միշտ նախազգուշացրել ենք այս խնդրի մասին այլոց: Բայց այս նախազգուշացումները, Հայաստանի ունեցած տվյալները չեն նպաստել տարածաշրջան ահաբեկիչների ներթափանցումը կանխելուն»:

Խոսելով ճանապարհների և տնտեսական երթուղիների ապաշրջափակման մասին՝ Գրիգորյանը նշել է, որ այդ հարցը հիշատակված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, նաև քննարկվել է Մոսկվայում հունվարի 11-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ:

«Ուզում եմ վստահեցնել, որ այդ երկու հայտարարություններով և հանդիպումների ընթացքում միջանցքի մասին երբեք հիշատակում չի եղել»,- ասել է նա՝  նշելով, որ հակառակը՝ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, թե միջանցքի ստեղծումը հարցականի տակ է:

«Ուզում եմ պարզաբանել, որ Հայաստանը երբեք չի առաջարկել և չի առաջարկի միջանցքի վերաբերյալ ոչինչ: Հայաստանը երբեք չի վարել և չի վարի բանակցություններ՝ միջանցքի մասին»,- ասել է նա:

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ գործընկերների հետ հանդիպումների ժամանակ վերահաստատել է Երևանի այս դիրքորոշումը:

Նա նաև Հայաստանի անունից պատրաստակամություն է հայտնել բացել ճանապարհները՝ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ուղևորափոխադրումների համար, սակայն ընդգծել է, որ այդ ճանապարհներն ամբողջությամբ վերահսկվում են ՀՀ կողմից:

 

--00--ԱԹ