ՀՀ-ն կարևոր գործընկեր է․ Իտալական մամուլը լայնորեն լուսաբանել է նախագահի 1-ին պետական այցը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիայի Հանրապետություն կատարած պետական աննախադեպ այցը լայնորեն լուսաբանվել է իտալական, ինչպես նաև միջազգային՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հղումներ կան ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ միջազգային լրատվամիջոցները հատկապես ընդգծել են այն փաստը, որ սա Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում պետական առաջին այցն է Իտալիա:

Մասնավորապես, իտալական AskaNews-ը նշել է, որ նախագահ Սարգսյանի «պատմական այցն իրականացվել է Հայաստանի անկախության 30-րդ տարում»:

«Հայաստանը կարևոր գործընկեր է». Իտալիայի նախագահի այս խոսքերով է հեղինակավոր Agenzia Nova լրատվական գործակալությունն անդրադարձել երկու երկրների նախագահների միջև հանդիպումներին հաջորդած՝ մամուլի համար հայտարարություններին:

Agensir գործակալությունը, մասնավորապես, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հնչած հայտարարություններին: 

«Մենք հավատում ենք, որ կարևոր է վստահել Մինսկի խմբի և համանախագահների գործողություններին՝ գտնելու խնդրի գոհացնող և հիմնավոր, բանակցային լուծման տարբերակը»,- նախագահ Մատարելլայի այս խոսքերն է մեջբերել լրատվամիջոցը:

Միլան քաղաքի հայտնի պարբերականներից մեկը՝ Mi-lorenteggio-ն, ևս լուսաբանել է նախագահների հանդիպմանը հաջորդած հայտարարությունները: Մասնավորապես, մեջբերելով Մատարելլայի հնչեցրած խոսքերը, լրատվամիջոցն արձանագրել է, որ՝ «Հայաստանն ու Իտալիան կարող են հպարտանալ մեծ ու ավանդական բարեկամական հարաբերություններով, որոնք աչքի են ընկնում շփումների ու համագործակցության բարձր մակարդակով»:

Իսկ Vivere Roma-ն նշել է, որ երկու երկրների միջև բարեկամությունը հերթական անգամ դրսևորվեց կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ Հայաստանի նախագահն առաջիններից մեկը զանգահարել էր նախագահ Մատարելլային:

Իտալական AskaNews և Today գործակալությունները նաև լուսաբանել են Իտալիայի նախագահական Քուիրինալե պալատում հայ գեղանկարիչների կտավների ցուցադրության բացումը, որին ներկա են գտնվել նախագահներ Արմեն Սարգսյանն ու Սերջիո Մատարելլան:

Պաշտոնական այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի կողմից նախագահ Արմեն Սարգսյանի ընդունելությունը ևս լայնորեն լուսաբանվել է իտալական հայտնի հեռուստաընկերությունների ու լրատվական գործակալությունների կողմից, որոնց շարքում են Corriere della Sera-ն, La Sicilla-ն և այլ լրատվամիջոցներ:

Նույն օրը նախագահ Սարգսյանն այցելել էր Եվրոպայի հնագույն և խոշորագույն համալսարաններից մեկը՝ Հռոմի Լա Սապիենցա համալսարան: Համալսարանի պաշտոնական էլեկտրոնային հարթակը՝ Uniroma-ն, կարևորել է ՀՀ նախագահի այցը համալսարան, քանի որ հենց այս այցի ընթացքում պաշտոնապես հայտարարվել է Լա Սապիենցա համալսարանում հայագիտություն դասերի մեկնարկի մասին և ստորագրվել է համապատասխան հուշագիր:

Աշխարհի հնագույն համալսարաններից մեկի՝ Բոլոնիայի համալսարանի պաշտոնաթերթը լայնորեն լուսաբանել է նախագահ Սարգսյանի այցն այդ բարձրագույն ուսումնական հաստատություն: Արձանագրվել է, որ ՀՀ նախագահին շնորհվել է կրթօջախի բարձրագույն՝ «Sigillum Magnum» մեդալը, որին մինչ օրս արժանացել են քաղաքականության, գիտության և մշակույթի ոլորտներում գործունեություն իրականացրած ականավոր դեմքեր:

Նախագահ Սարգսյանն Իտալիա կատարած պետական այցն ամփոփել է Agenzia Nova-ին տված հարցազրույցում՝ մասնավորապես նշելով, որ «այցի նպատակն էր զարգացնել հայ-իտալական հարաբերություններն ու դրանք բարձրացնել նոր մակարդակի»: Խոսելով այցի ընթացքում տեղի ունեցած բարձրաստիճան հանդիպումների մասին՝ Հայաստանի նախագահն արձանագրել է, որ երկու երկրներն ունեն պատմականորեն ջերմ ու բարեկամական հարաբերություններ, և այսօր էլ կա երկկողմանի կամք՝ անելու ավելին: Նա մասնավորապես նշել է, որ երկու երկրները կարող են հաջող համագործակցություն իրականացնել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում: Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-իտալական տնտեսական կապերին ու համագործակցությանը, առկա հարաբերություններն ընդլայնելու ներուժին, ինչպես նաև Հայաստանում հետպատերազմյա իրադրությանը, հարևան երկրների հետ հարաբերություններին ու տարածաշրջանային հնարավոր զարգացումներին:

Հայաստանի նախագահի պետական այցին անդրադարձել է նաև Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ NNA-ը, նշելով, որ սա Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում իրականացված առաջին պետական այցն է Իտալիա:

  --00—ՄՀ