«Քյավառցի Ռաֆոյի» սպանության նախապատրաստման գործով հետախուզվողի կալանավորումը վերացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ю

Ռաֆայել Մարդոյանի՝ «Քյավառցի Ռաֆոյի» սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Սարգիս Զազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանության կողմի բողոքը՝ վերացնելով Ս. Զազյանի նկատմամբ ընտրված կալանավորումը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Խոսքը հունիսի 2-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում տեղի ունեցած սպանության մասին է։ Վարձու մարդասպանի թիրախում եղել է քրեական հեղինակություն համարվող «Քյավառցի Ռաֆոն»՝ Ռաֆայել Մարդոյանը, սակայն նրան հաջողվել է խուսանավել ու նստել զրահապատ մեքենան, կրակոցների հետևանքով սպանվել է նրա վարորդը։ 

Նախաքննական մարմինը պարզել էր, որ սպանություն կատարածն օտարազգի է՝ Ալեքսանդր Բուզմառև՝ 23 տարեկան։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում ։

«Փաստինֆո» -ի տեղեկություններով՝ Ռաֆայել Մարդոյանի նկատմամբ սա առաջին մահափորձը չէր, նախկինում նրա նկատմամբ մի քանի մահափորձեր են եղել, այդ թվում՝ ԱՄՆ-ում։ Կան հարուցված քրեական գործեր՝ սպանության նախապատրաստման վերաբերյալ, որոնց վարույթը, սակայն կարճվել էր, և միայն 2021 թվականի հունիսին Աբովյան փողոցում տեղի ունեցած սպանության փորձի և Մարդոյանի թիկնապահի սպանությունից հետո վերսկսվել էր՝ նոր հանգամանքներ ի հայտ գալու հիմքով։

Քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել Զազյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով, սպանության նախապատրաստության համար։ Վերջինիս նկատմամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից այսօր բավարարվել է։

--00--ԱՀ