Վրաստանում համաճարակի պատճառով կարմրուկի դեմ պատվաստումը դարձել է անվճար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն հայտարարել է, որ երկրում կարմրուկի համաճարակային բռնկում է և  դրա դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է, որը բոլորի համար անվճար կդառնա:

«Մեր այսօրվա վիճակը հատուկ ուշադրություն է պահանջում: Սա կոչվում է համաճարակային բռնկում: Ներկա դրությամբ գրանցված է կարմրուկ հիվանդության 335 դեպք, այս թիվն ամեն օր աճում է», - լրագրողներին հայտնել է Սերգեենկոն, նշելով, որ, ի տարբերություն երկրում «խոզի գրիպով» հիվանդացության տվյալների, այդ ցուցանիշները բավարար են՝ խոսելու համար համաճարակի մասին: 

Սերգեենկոն ընդգծել է, որ կարմրուկի և  դրա տարածման դեմ պայքարի միակ միջոցը պատվաստումն է: Նախարարը կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն հիշում՝ պատվաստվել են արդյոք մանկության շրջանում, վերապատվաստում անցնել:

«Այսօր կառավարության նիստում քննարկվելու է փոփոխություններ մտցնելու և պատվաստանյութերը բոլորի համար հասանելի դարձնելու հարցը: Այսօր երեկոյից կարմրուկի դեմ պատվաստանյութն անվճար կլինի», - հայտարարել է Սերգեենկոն։