Եթե Բաքուն խոսում է հարաբերությունների բարելավումից, ուրեմն առաջադրում է նախապայմաններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Քաղաքական

Իրականությունն այսօր հեռու է նրանից, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները միանգամից կարող են դրական լուծում ստանալ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Մինսկում ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ ասել է․ «Չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը հարգելու սկզբունքով»։

Մարկարովը նշեց, որ Ադրբեջանը վերջերս հայտարարում է, թե պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ձևաչափ գտնել, սակայն այդ հայտարարության մեջ մի շարք սկզունքային կետեր կան։

«Այդ սկզբունքային կետերի հետ կապված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները տարբեր տեսակետներ ունեն։ Այդ տեսանկյունից բնակաբար առաջին հերթին խոսքը Արցախի կարգավիճակի ու խնդրի լուծման հնարավոր զարգացումների մասին է»,-ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքով՝ կարևոր են նաև դեմարկացիայի ու դելիմիտացիայի, միջանցքի ստեղծման խնդիրները։

«Առնվազն այս 3 հարցերի շուրջ կողմերի մոտ պետք է որ սկզբունքային տարբերություններ լինեն։ Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերությունների բարելավմանը (այդ մասին նաև Թուրքիան է խոսում), որպես կանոն դա ենթադրում է մի շարք նախապայմաններ կամ պայմաններ»,-ընդգծեց նա։

Մարկարովի խոսքով՝ ողջունելի են խաղաղությանը վերաբերող հայտարարությունները, սակայն պետք է ընդհանուր ըմբռնում լինի երկու կողմերի միջև։

«Այս պահին հրատապ լուծում է պահանջում հայ գերիների հարցը և նրանց՝ առանց նախապայմանների վերադարձը։ Այս տեսանկյունից ունենք խնդիրների շղթա, որի լուծումը կարող է մեզ մոտեցնել հարաբերությունների բարելավման ձևաչափի որոնմանը»,-ամփոփելով խոսքն ասաց նա։

--00--ԿԿ