Ոստիկանների երեկվա արարքները կոպտորեն խախտել են միջադեպին ներկա երեխաների իրավունքները

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

միպ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Երեկ 3 երեխաների ներկայությամբ ընտանիքի հորը Ոստիկանություն բերման ենթարկելու տեսանյութերի հրապարակումից անմիջապես հետո՝ երեկոյան, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, կապ է հաստատվել փաստաբանի հետ:

Փաստաբանը տեղեկացրել է, որ մի քանի տասնյակ, այդ թվում՝ զինված ոստիկաններ իր վստահորդների նկատմամբ գործադրել են բռնի ուժ, թույլ են տվել երեխաների իրավունքների կոպիտ խախտումներ: Այսօր առավոտյան փաստաբանը նոր ահազանգով հայտնել է, որ երեկ տեղի ունեցած միջադեպից հետո 5-ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է, գիշերը երեխան մի քանի անգամ փսխել է և զանգի պահին շտապօգնության մեքենայով նրան տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ու քննարկումներ երեկ ձերբակալված քաղաքացու, նրա կնոջ, 5-ամյա երեխայի, փաստաբանի, բժշկական կենտրոնի տնօրենի, երեխային բուժօգնություն տրամադրած բժշկի հետ:

Պարզվել է, որ երեխան այսօր առավոտյան բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության մեքենայով, ունեցել է սրտխառնոց, նախորդ գիշերվանից 5 անգամ փսխել է: Բժշկական կենտրոն տեղափոխվելու պահին, ինչպես նաև դրանից հետո երեխան ցնցումների մեջ չի եղել:

Բժշկական կենտրոնում երեխային ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ ներարկում: Այնուհետև, երեխայի ինքնազգացողությունը լավացել է: Հոսպիտալացման կամ հետագա բուժման ցուցում առկա չի եղել:

Ծնողները նշել են, որ բժշկական կենտրոնում իրենց նկատմամբ ցուցաբերել են պատշաճ վերաբերմունք, երեխային տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնություն:

Ոստիկանների արարքների հետ կապված պարզվել է հետևյալը.

Երեկ մանկահասակ երեխաներին հատկապես վախեցրել է այն, որ մեծ թվով ոստիկաններ են եկել իրենց տուն, նրանց մի մասը եղել է զինված (զենքերն ակնհայտ նկատելի են եղել երեխաների համար) և քաշքշելով, հարվածելով տարել են իրենց հորն ու մորեղբորը, քանդել են իրենց տունը:

Երեխաներից ամենափորքը (5 տարեկան) գտնվել է հոր գրկում, երբ ոստիկանները կոպիտ քաշքշելով՝ երեխային հարկադրաբար իջեցրել են հոր գրկից և դուրս տարել տնից, հետո քաշքշելով՝ տարել են հորը, իսկ երեխան սկսել է լաց լինել: Այնուհետև, ոստիկաններն տնից քաշքշելով դուրս են հանել 10 և 13 տարեկան աղջիկներին, որոնք ևս անընդհատ լաց են եղել:

Բերման ենթարկելու ողջ ընթացքում երեխաներն անդադար լաց են եղել. այստեղ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ երեխաների հետ որևէ աշխատանք չի տարվել, որևէ աջակցություն չի ցուցաբերվել, երեխաների շահերի ապահովման որևէ քայլ չի արվել:

Երեխաների իրավունքների, նրանց շահերի տեսանկյունից հատկապես դատապարտելի է երեխաների ներկայությամբ ապամոնտաժման աշխատանքների իրականացումն այն էլ նման լարված մթնոլորտում, ինչպես նաև ոստիկանների նման կոպիտ վերաբերմունքը, երեխաների ներկայությամբ բռնության գործադրումն իրենց հոր նկատմամբ:

Ոստիկանները չեն չեզոքացրել երեխաների համար վտանգները. երեխաներին տնից դուրս հանելուց հետո 5-ամյա երեխան կրկին վազել և մուտք է գործել շինություն, որը տվյալ պահին նախատեսում էին ապամոնտաժել: Նման իրավիճակը լուրջ ռիսկեր ունի ոչ միայն երեխաների հոգեբանական վիճակի, այլ նաև ֆիզիկական առողջության համար:

Օրինակ՝ ստեղծված խառնաշփոթ իրավիճակում հնարավոր էր, որ նախքան ապամոնտաժման աշխատանքները սկսելը ոստիկանները չնկատեին շինություն մուտք գործած երեխային:

Երեխաների հորը քաշքշելով բերման ենթարկելիս վերջինս, լսելով երեխաների լացը, խնդրել է իրեն թույլատրել մոտենալ և հանգստացնել նրանց, քանի որ երեխաները տվյալ պահին եղել են միայնակ, սակայն ոստիկանները չեն թույլատրել: Սա հատկապես դատապարտելի արարք է: Արդյունքում՝ հոգեբանական ծանր վիճակում գտնվող երեխաները շինության մոտակայքում կանգնած հետևել են ապամոնտաժման ամբողջ գործընթացին:

Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացին նշել է, որ իր երեխաները հատկապես վախեցել են բազմաքանակ՝ մի մասը զինված, 40-ից ավել ոստիկանների ներկայությունից:

Ինքը՝ ձերբակալված քաղաքացին, հայտնել է, որ Ոստիկանության ծառայողներն իր ձեռքերը ոլորելով և քարշ տալով իրեն տարել են դեպի ոստիկանական մեքենան, որի ընթացքում պառկեցրել են գետնին և հարվածել: Իր ձեռքերին առկա են քերծվածքներ, իսկ մեջքի և կողերի հատվածում մինչ այժմ ցավ է զգում:

Բացի այդ, քաղաքացու պնդմամբ՝ բռնություն է գործադրվել նաև իր կնոջ եղբոր նկատմամբ: Նույնը նշել են նաև երեխաները:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին նաև փոխանցվել են տեղեկություններ, որ Ոստիկանության ծառայողների հետ միասին երեկ նշված հասցեում են այցելել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: Փաստաբանի պնդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ եղել են ոգելից խմիչքի ազդեցության ներքո այն աստիճան, որ ակնհայտ է զգացվել պահվածքից ու ալկոհոլի հոտից: Այս հանգամանքները նույնպես պետք է ստուգման ենթարկվեն

Երեկ ձերբակալված քաղաքացին տեղեկացրել է, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնում գտնվել է մոտ 2 ժամ, որի ընթացքում իրեն չեն պարզաբանել բերման ենթարկելու հիմքերը, իր իրավունքներն ու պարտականությունները, միայն վերջում ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել, որի բովանդակությանը ծանոթ չէ:

Առանձնազրույցների ընթացքում փաստաբանը և քաղաքացին տեղեկացրել են, որ թե՛ Ոստիկանության ծառայողները, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները երեխաներից անգամ չեն հետաքրքրվել՝ արդյո՞ք նրանք ունեն բնակվելու այլ վայր: Միաժամանակ, փաստաբանի պնդմամբ, շինության ապամոնտաժմանը նախորդող ժամանակահատվածում, ինչպես նաև ապամոնտաժման ընթացքում, անչափահասների այնտեղ գտնվելու հանգամանքի հաշվառմամբ, ներկա չեն եղել, օրինակ, ո՛չ հոգեբան, ո՛չ մանկավարժ:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ կոնկրետ այս հայտարարությունը չի վերաբերում շինության ապամոնտաժման, ներառյալ՝ այնտեղ ոստիկանների ներկայության իրավաչափությանն առնչվող հարցերին: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից այս մասով առանձին քայլեր կձեռնարկվեն:

Ոստիկանների երեկվա արարքները քննարկվել են ՀՀ ոստիկանության ղեկավար անձնակազմի հետ: Հարցերն արժանացել են Ոստիկանության ղեկավար անձնակազմի անհրաժեշտ արագ արձագանքին, ինչը կարևոր է նման դեպքերի կանխարգելման տեսանկյունից:

Քաղաքացիներին բերման ենթարկելիս, ինչպես նաև երեխաների նկատմամբ ոստիկանների, քաղաքապետարանի աշխատակիցների արարքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից գրություններ կհասցեագրվեն Ոստիկանություն, Երևանի քաղաքապետարան, ինչպես նաև քննչական մարմիններին»։

--00--ԱՀ