Հայկ Մարությանը ՄԲ դեսպանի հետ քննարկել է տրանսպորտային ցանցի զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ջուդիթ Ֆարնվըրթին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները բարձր մակարդակի են՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու Երևանի և Միացյալ Թագավորության քաղաքների միջև կապերի ամրապնդմանը:

Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ դեսպանությունը կհամագործակցի Երևանի հետ տեխնիկական աջակցության և ներդրումային  ծրագրերին մասնակցության գործում:

Դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթն իր հերթին նշել է, որ հայաստանյան և բրիտանական քաղաքները համագործակցության մեծ ներուժ ունեն:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքներում տրանսպորտային ցանցի զարգացման հեռանկարների, աղբահանության, աղբի տեսակավորման ու վերամշակման, բնապահպանական և քաղաքաշինական այլ խնդիրների վերաբերյալ: