Ուսումնասիրվել են Արցախում և ՀՀ-ում գտնվող ավելի քան 20 հազար արցախցիների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակական

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել են 2020թ.-ի պատերազմի հետևանքով տուժած բնակչության կորուստների, կարիքների, ընկալումների և դիմակայության վերականգնման ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ մեծամասշտաբ հետազոտության արդյունքները, որն իրականացվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:

Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ ուսումնասիրվել են Արցախում և ՀՀ-ում գտնվող 20 հազար 297 արցախցի ընտանիքների առաջնային կարիքներն ու կորուստները, մարդկային կապիտալն ու առկա ռեսուրսները, ապագայի պլաններն ու մտադրությունները, ինչպես նաև հանրային բազմաբնույթ ծառայություններից օգտվելու մատչելիությունը:

Ծանոթանալով հետազոտության արդյունքներին՝ նախագահ Հարությունյանը նշել է դրանց կարևորությունը պետական ծրագրերի հստակեցման և հասցեականության բարձրացման առումով։ Երկրի ղեկավարը, մասնավորապես, նշել է, որ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն նաև ներկայացված տվյալները, որոնք ծրագրերն առավել արդյունավետ կդարձնեն:

Հանդիպման ընթացքում նախագահը հանձնարարել է նաև գյուղական համայնքներում ապաստանած տեղահանված ընտանիքների հետ աշխատանքներ սկսել նորանշանակ սոցիալական աշխատողների ընդգրկմամբ՝ պարզելու տնտեսական ակտիվացման համար նրանց ցանկությունները, կարիքներն ու հնարավորությունները, և, ըստ այդմ, 2022թ.-ի պետական բյուջեում նախատեսել համապատասխան ծրագրեր ու միջոցներ:

--00--ԿԿ