ԵՊՀ–ի և Արցախի պետական համալսարանի միջև կնքվել է համագործակցության նոր պայմանագիր

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

ԵՊՀ

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը և Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել են երկու բուհերի միջև համագործակցության նոր պայմանագիր՝ զարգացնելու կրթական, գիտահետազոտական և ուսումնամեթոդական ոլորտներում առկա փոխգործակցությունը:

Ըստ նոր կնքված պայմանագրի՝ երկու բուհերը մշակելու և կյանքի են կոչելու համատեղ ծրագրեր, իրականացնելու են դասախոսների և ուսանողների ակադեմիական փոխանակում, կազմակերպելու են տեղեկատվական, մարզական ու մշակութային միջոցառումներ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն ասաց, որ Երևանի պետական համալսարանը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայության Մայր բուհն է, և պատահական չէ, որ 51-ամյա ԱրՊՀ-ն առ այսօր զգում է ԵՊՀ-ի աջակցության կարիքը:

Նա տեղեկացրեց, որ երկու բուհերի միջև համագործակցության հուշագիր կնքվել էր դեռևս 2014 թվականին 5 տարի ժամկետով. «Հաշվի առնելով համավարակը, այնուհետև 44-օրյա պատերազմը՝ նոր պայմանագիր կնքելու հնարավորություն չէր ստեղծվել: Այսօր արդեն այն իրողություն է»:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն էլ փաստեց, որ Մայր բուհը կանգնել ու մշտապես կանգնած է լինելու Արցախի և Արցախի պետական համալսարանի կողքին. «Մեր միջև առկա կապերն ամուր են, բայց մենք դրանք էլ ավելի կամրացնենք՝ ցույց տալու բոլորին, որ մենք կանք և կլինենք»:

Այսօր կնքված նոր պայմանագրի արդյունքում ԵՊՀ-ն տրամադրելու է գիտական, մասնագիտական գրականություն, պարբերականներ և այլ նյութեր, աջակցելու է ԱրՊՀ մասնագետների պատրաստման, պրոֆեսորադասախոսական կազմի համալրման, ատենախոսությունների պաշտպանության, ֆակուլտետների և ամբիոնների փոխգործակցության կազմակերպման գործընթացներին և այլ աշխատանքներին:

--00—ՄՀ

Տեսանյութեր