Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է. միայն մեկ զինվորի վիճակն է գնահատվում ծանր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Բեգլարյան

Այսօր առավոտյան Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այցելել է երեկվա ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին:

«Նրանցից հետաքրքրվել ենք իրենց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից: Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-գրել է նա։

Բեգլարյանը նշել է, որ տվել է համապատասխան ցուցումներ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ցուցաբերած սրտացավության ու արհեստավարժության համար:

«Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է, և, համոզված եմ, նրանք արագ կհաղթահարեն այս դժվարությունները:

Առողջություն բոլորին»,- նշել է նա։

--00--ԱԹ