Ստեփանավանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն հայտնի է. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նկար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը հաջորդ ամիս անցկացվող ընտրություններին կգլխավորի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը: Նա, հիշեցնենք, Ստեփանավանի նախկին քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի մահվանից հետո է նշանակվել համայնքապետի պաշտոնակատար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արփի Դավոյանի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՔՊ-ական է: «Ժողովրդի» հետ զրույցում նա նշեց, որ քաղաքի ավագանին չի գործում:

«Գրիգորյանին պաշտոնավարելու բարդ ու ծանր ժամանակներ են բաժին հասել, նա փաստացի համայնքի բյուջեն տնօրինել չի կարողանում: Այսինքն՝ համայնքի կարիքների համար անհրաժեշտ գումարներ, հատկացումներ չեն կատարվում, իսկ դա բավական կաշկանդիչ հանգամանք է ղեկավարի համար»,- նշեց Դավոյանը:

Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսի 25-ին՝ դեռևս լուսահոգի Ղարաքեշիշյանի պաշտոնավարման ընթացքում, Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը միաժամանակ հրաժարականի դիմում էին ներկայացրել: Առանց նրանց մասնակցության, ավագանու մյուս անդամներն արտահերթ նիստ են գումարել, ընդունել նրանց հրաժարականն ու լուծարված համարել ավագանին:

Ստեփանավանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նոյեմբերի 14-ին են նշանակված: Եվ, փաստորեն, այստեղ նույնպես իշխանությունները սեփական համայնքապետն են ուզում ունենալ: Իշխանամերձ աղբյուրները մեզ փոխանցեցին, որ Գորիսի ու Գյումրիի ընտրություններից հետո իշխանական պատգամավորները նաև Ստեփանավանում են ակտիվ քարոզարշավ իրականացնելու՝ Ստեփանավանը որևէ կերպ ձեռքներից բաց չթողնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

--00—ԼՄ

Տեսանյութեր