«Կյանքեր՝ անհասկանալի ապագայի դիմաց»՝ սա է կապիտուլյանտների խաղաղության դարաշրջանի գինը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

․

ՀՀԿ անդամ Լևոն Նազարյաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ, իշխող վարչախմբի երեսփոխան Գագիկ Մելքոնյանը գեղջկական խորամանկությամբ փորձում էր արցախյան վերջին սրացումները ռուսների գրպանը գցել, բառացի ասելով․ «գնացեք Ռուսաստանի դեսպանատուն, ասեք` դուք երաշխավորում եք, ինչի՞ սենց եղավ»։ Պողպատե մանդատակիրը այնուհանդերձ դեռ դատարանում պատասխան կտա, թե ինչպես մենք կորցրեցինք Արցախի անվտանգության երաշխիքները։

Հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը․ Երբ Հայաստանն իրեն դուրս է դնում Արցախի համար պատասխանատվությունից, թշնամին ձեռնարկում է տարաբնույթ սադրանքներ իր շահերը սպասարկելու համար։ Վերջին սրացման արդյունքում կորցրեցինք վեց զինծառայող, իսկ նույն անձը պնդում է, որ չնայած Արցախում իրավիճակի հետ իրենք առնչություն չունեն, սակայն օրակարգում առկա է խաղաղության դարաշրջան կառուցելու միտում։

Փաստորեն, մուրճասերների վարչախումբն Արցախն թողնելով բախտի քմահաճույքին՝ հաստատում է, որ իրենք անուղղակիորեն թելում են խաղաղության թուրքական թելը։

Ուշագրավ է, որ իրավիճակը լարվեց ՌԴ նախագահի հետ հանդիպումից երկու օր անց։ Ենթադրելի է, որ ՌԴ նախագահը մեր փոխարեն հստակ միջոցներ էր ձեռք առել թուրքական ծավալապաշտությունը սանձելու համար։

Պատահական չէր, որ ՌԴ նախագահը նշեց ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հետ ժամացույցի սլաքները ճշգրտելու կարևորության մասին։ Հասկանալի է, որ ռուսական կողմի ձգտումը՝ պարտությամբ հպարտացողի կողմից թուրքերին անսպասելի զիջումների գնալու ցանկության կանխումն էր։ Փոխարենը, ադրբեջանական կողմին անհրաժեշտ էր անկայունության հրահրում ռուսների թիկունքում՝ Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը չստացված սուլթանի ժամանմանը ընդառաջ։

Այս իրողություններում, երբ Իրանը բացահայտ դեմ է արտահայտվում տարածաշրջանում թուրքական որևէ ներգրավածության, իսկ ռուսական կողմը ջանում է դա գործնականում զսպել, հայկական կողմի նազանքը թուրքական կողմի համար հրավերի դեր է կատարում։ Որպես վառ օրինակ՝ ադրբեջանական ինքնաթիռի վերջին անցումը մեր օդային տարածքով։

Օգտագործելով հայաստանյան մահվան կառավարության քաղաքական համրությունը՝ թուրքական տանդեմը թե՛ Ռուսաստանին և թե՛ Իրանին հասկացնում է, որ կապիտուլյանտների լռությունը, այն թողտվությունն է, որով իրենք կարող են դիվերսիաներ անել տարածաշրջանում ինչպես վերջիններիս, այնպես էլ մեր դեմ։

«Կյանքեր՝ անհասկանալի ապագայի դիմաց»՝ սա է կապիտուլյանտների խաղաղության դարաշրջանի գինը։

Բնականոն հարց է առաջանում, թե ու՞մ է ներկայացնում մահվան այս կառավարությունը, ու՞մ շահերն է սպասարկում։ Փաստ է, որ դրանք հայկական շահեր չեն, քանզի դրանց սպասարկման գինը հայ զինվորների կյանքն ու հայ գյուղացու արյունն են։

Արդյո՞ք հանդուրժելի է հայ մարդու արյան գնով թուրքական շահերի սպասարկումը մեր հայրենիքում»:

--00--ԱՀ

Տեսանյութեր