Ամենամյա «Հայաստան - Ինժեներական շաբաթ»-ը կներկայացնի Հայաստանի ինժեներական ներուժը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

ինժեներական

Հոկտեմբերի 21-25-ը Երևանում, Վանաձորում և Գյումրիում կկայանա ճարտարագիտության ոլորտում հայաստանյան ամենամյա գլխավոր իրադարձությունը՝ «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ը: 

Արդեն ավանդական դարձած  ամենամյա այս միջոցառումների մեկնարկը կտրվի հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրի Տիգրան Մեծ սրահում։ 

Միջոցառման մասնակիցներին և հյուրերին կողջունի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021»-ն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։ Գլխավոր գործընկերն է՝ PMI Science-ը, գործընկերները՝ Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Ինժեներական քաղաքը (EC), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնը (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնությունը (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, ՏՀՏ գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) և «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնությունը։

Միջոցառումների ժամանակացույցը. 

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ից,  «Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» ֊ը կշարունակվի Ինժեներական քաղաքում (Բագրևանդի 21/1)՝ ցուցահանդեսի բացմամբ։ 

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին,  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի մասնագիտական քննարկումների ամփոփիչ միջոցառումը։ 

Շաբաթվա առաջին երեք օրերի բազմաֆորմատ միջոցառումների ընթացքում ինժեներները կներկայացնեն իրենց նվաճումներն ավտոմոբիլային, կիսահաղորդչային, ավիատիեզերական, կենսաբժշկական սարքերի արդյունաբերության, էլեկտրոնիկայի, բարձր տեխնոլոգիական արտադրության, կիբերանվտանգության, կրթական տեխնոլոգիաների, գիտության և այլ ոլորտներում:
 
Շաբաթվա 4-րդ և 5-րդ օրերին Վանաձորի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում կկայանան նաև հեքըթոնների ամփոփիչ «Demo Day»-եր հետևյալ թեմաներով․

- հոկտեմբերի 24-ին -  «Ինժեներական նորարական լուծումներ՝ արդյունաբերության ավանդական ուղղությունների զարգացման համար» (Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն)
- հոկտեմբերի 25-ին, «CreaTech նորարական գաղափարներ՝ Շիրակի մարզում ստեղծարար ոլորտների զարգացման համար» (Գյումրու տեխնոլոգիական կենտրոն)
 
«Հայաստան - Ինժեներական շաբաթ 2021» միջոցառման օրակարգին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ https://www.engineeringweek.am կայքում։

 --00—ՄՀ