Գորիսում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

Հոկտեմբերի 12-ին, ժամը 23-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Գորիսի Երևանյան խճուղում ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները ստուգել են Արևշատի փողոցի 43-ամյա բնակչի 4-խմ փայտանյութով բեռնված «Մերսեդես-Բենց 312 D» մակնիշի մեքենան:

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը պատկանում է հարևանին, որն էլ ձեռք էր բերել Սյունիքի մարզի Տանձվեր գյուղից։
«Մերսեդեսը», փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նույն օրը համայնքային ոստիկանները գիշերային շրջայցի ժամանակ Գորիսի Սալ-քար թաղամասում ստուգել են Այգեստան փողոցի 33-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան։
Վարորդը փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ հոկտեմբերի 12-ին Սյունիքի մարզի Բարձրավան գյուղում կաղնու և բոխու ծառներ էր ապօրինի հատել։
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ժամերի տարբերությամբ ապօրինի ծառահատման երրորդ դեպքը հայտնաբերեցին ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները։
Դարձյալ Սալ-քար թաղամասում, փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել էին Շուռնուխ գյուղի 29-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան և թափքում հայտնաբերել առանց համապատասխան փաստաթղթերի մոտ 4 խմ փայտանյութ։
Պարզվել է՝ փայտանյութը պատկանում է Գորիսի Այգեստան փողոցի 33-ամյա մի բնակչի, որը Սյունիքի մարզի Բարձրավան գյուղում ապօրինի հատել էր բոխու և կաղնու ծառեր։ Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշված դեպքերով նշանակվել են մասնագիտական ստուգումներ։
Նախապատրաստվում են նյութեր:

 --00—ՄՀ