ԱԳ նախարարը և Բրազիլիայի դեսպանն ընդգծել են երկխոսության ակտիվացման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

․

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  նախարար Միրզոյանը և դեսպան Սանկտոսն ընդգծել են հայ-բրազիլական քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման ու բարձր մակարդակներում փոխայցելությունների իրականացման միջոցով:

«Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ՝ առանձնահատուկ ընդգծելով բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, մարդկային շփումների, գյուղատնտեսության ոլորտները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարար Միրզոյանն ու Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսը բարձր են գնահատել Բրազիլիայում հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում:

«Կողմերը գոհունակություն են հայտնել նաև միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ: Քննարկվել են Եվրասիական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև համագործակցության հեռանկարները»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

--00--ԱՀ

Տեսանյութեր