Երևանի բնակարաններից մեկից 10 հազար դոլար էին գողացել․ բնակարանագողը թոռն էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Դեկտեմբերի 25-ից 27-ը Էջմիածնի Չարենցի փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն էր կատարվել: Օգտվելով տանտիրուհու բացակայությունից` ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, տնից հափշտակել 3.750.000 դրամ եւ 3000 դոլար: Գողության մասին ահազանգը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչեց դեկտեմբերի 30-ին:

Մի քանի օրով որդու տուն մեկնած ու վերադարձած կինն այդ օրն էր միայն նկատել, որ փողերը չկան: Դեպքի վայրում իրավապահները համապատասխան արձանագրություններ կազմեցին: Փականը վնասված չէր, տունը տակնուվրա չէին արել: Գազօջախի միջից էին գողացել փողը, ինչը հուշում էր, որ բնակարանագողը տան նիստուկացին ծանոթ է եղել, բայց ո՞վ:

Տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին: Տուժողը ոչ ոքի չէր կասկածում: Բանավոր եւ գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ սկսեցին: Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկեց օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, եւ ջանքերն ապարդյուն չանցան: Հաղորդումից օրեր անց, առանձնապես խոշոր չափերի գողությունը, որը կատարվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով` բացահայտվեց:

Դեպքի վայրում ձեռք բերված տվյալների եւ ստացված տեղեկությունների համադրությամբ, պարզվեց, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի տուժողի թոռը` Արթուր Սարկիսյանը: Հունվարի 10-ին, հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալը ներկայացավ ոստիկանության Վաղարշապատի բաժին: Արթուր Սարկիսյանը լավ գիտեր, թե տատը որտեղ է փողերը պահում, ուներ նաեւ բնակարանի բանալին, օգտվելով առիթից, որ նա իրենց տանն է, որոշել էր ծրագրածն իրականացնել` մոռանալով հետեւանքների մասին:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի քննելու եւ պարզելու ուղղությամբ: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: