ԱԱԾ-ն ուշացմամբ պատասխանեց գրությանս, վարչապետի աշխատակազմը դեռ լռում է. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առավոտյան անդրադարձել էի 44-օրյա պատերազմի մասնակից, ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի ճակատագրի վերաբերյալ ԱԱԾ-ին ուղղած պաշտոնական գրությանս, տեղեկացնելով, որ ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել։

Ռազմաբժշկական ծառայության փոխգնդապետ, զորամիավորման բուժծառայության պետ Պապիկյանը, հոկտեմբերի 6-ին, նախնական տեղեկություններով, գերեվարվել է։

Նրա ծառայակից ընկերները գրառումիցս հետո պատմեցին, որ Պապիկյանը մինչև հոկտեմբերի 6-ը, ռազմաճակատի ամենաթեժ կետերում է եղել և բազմաթիվ կյանքներ է փրկել։

Աշխատանքային օրվա ավարտին, ԱԱԾ-ն վերջապես պատասխանեց գրությանս, թեև ուշացումով, սակայն ըստ հարցադրումների ներկայացնելով զինծառայողի ճակատագրին վերաբերող գործընթացների ու իրականացվող աշխատանքների ընթացքը։

Հետաքրքրական է, որ ՊՆ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն սահմանված ժամկետում գրությանս չեն արձագանքել, սակայն իմ հրապարակային հորդորներից հետո, կարճ ժամկետում, արձագանքել են։

Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմն է, որ նույնիսկ թեմայի հանրայնացումից հետո, օրենքի խախտմամբ, շարունակում է լռություն պահպանել։

Իսկ Նիկոլ Փաշինյանին հորդորելու իմաստ չկա՝ ոչ ամոթ ունի, ոչ պարկեշտություն, իսկ օրենքների ու հանրային կարծիքի վրա լրիվ թքած ունի։ Ինքը հիմա ավելի կարևոր առաքելություն ունի՝ վայելում է իշխանությանն ընձեռած վայելքները, իսկ մարդը նրա համար արժեք չունի, հատկապես որ ընտրություններն արդեն ավարտվել են»։

--00--ԱԹ