ՀՀ-ն շահագրգիռ է խթանելու Հունաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ փոխգործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը hոկտեմբերի 20-ին  հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոստանտինոս Տասուլասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, Հունաստանի խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կարեւորությունը: Խոսելով համատեղ ծրագրերից՝ նա  առանձնացրել է ԵՄ գործընկերության շրջանակում իրականացվող քույր Թվինինգ ծրագիրը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարաններն այս ծրագրի իրականացման հաջողված եւ օրինակելի փորձ են կուտակել:

Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ համաժողովին մասնակցության հրավերի համար՝ ՀՀ ԱԺ նախագահն ի դեմս հույն գործընկերոջ՝ շնորհավորել է  բարեկամ հույն ժողովրդին Հունաստանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման ազգային հեղափոխության 200-ամյակի կապակցությամբ:

«Կողմերը փաստել են, որ հայ-հունական միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ ընդգծելով երկկողմ բազմոլորտ հագեցած օրակարգի առկայությունը: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների համագործակցությունը՝ ընդգծելով բարեկամական խմբերի գործունեության դերակատարությունը: Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ հարթակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են նաեւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս խորհրդարանական ձեւաչափում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո առկա իրադրությանը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն առանձնահատուկ կարեւորել է Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը  Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո  կարգավորելու հարցում:

Հանդիպման ավարտին կողմերը հանդես են եկել ճեպազրույցով:

--00--ԱՀ

Տեսանյութեր