Մեքենայի շարժիչը միացրած՝ մի քանի րոպեով մտել էր տուն․ վերադարձին «Օպելը» գողացել էին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Եղբայրության փողոցի շենքերից մեկի մոտ, «Օպել» մակնիշի մեքենայի տերը մեքենայի դռները բաց, շարժիչը գործարկված թողնելով` մի քանի րոպեով տուն էր մտել: Այս ընթացքում նրա մեքենան առևանգել էին:

Կատարվածի վերաբերյալ ժամը 13:40-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ էր ստացվել:

«Օպելի» գույնը, հաշվառման համարանիշերը ճշտելուց հետո իրավապահներն անհետաձգելի որոնողական աշխատանքներ ձեռնարկեցին: Կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին: Հարկավոր էր արագ գործել, քանի դեռ կասկածյալը չէր հասցրել թաքցնել մեքենան: Ոստիկանության արտաքին և օպերատիվ ծառայություններից զատ, բացահայտման աշխատանքներին մեծապես կարող էին նպաստել նաև փողոցների տեսահսկող սարքերը, բայց գործը դրան չհասավ:

Մեքենան հայտնաբերվեց բացառապես ոստիկանության ծառայողների արագ փոխգործակցելու և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ:

Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ՃՈ-ի, պարեկապահակետային գնդի և Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, Սեբաստիայի փողոցում հայտնաբերեցին առևանգված «Օպել» մակնիշի մեքենան և վարորդին՝ մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ ճշտվեց կասկածյալի ինքնությունը` Վերին Շենգավիթի բնակիչ Արսեն Բադալյան:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: