ԵՄ-ը Նավալնիին շնորհեց Սախարովի անվան մրցանակ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

նավալնի

Եվրախորհրդարանը օրերս որոշեց անազատության մեջ գտնվող ռուս ընդդիմադիր գործչին տրամադրել մրցանակը՝ Պուտինի ռեժիմի դեմ պայքարելու համար։

Եվրախորհրդարանը Մարդու իրավունքների եվրոպական բարձրագույն մրցանակը շնորհել է անազատության մեջ գտնվող ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ռեժիմի դեմ պայքարելու համար: Դրա մասին չորեքշաբթի օրը հայտարարեցին եվրոպացի օրենսդիրները: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

«Ալեքսեյ Նավալնին մեծ խիզախություն է ցուցաբերել ռուսաստանցիների ընտրության իրավունքի ազատությունը վերականգնելու իր ջանքերում: Երկար տարիներ նա պայքարել է իր երկրում հանուն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Դրա համար նա վճարել է իր ազատությամբ ու նաև իր կյանքի գնով: Եվրախորհրդարանի անունից կոչ եմ անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրան: Իշխանությունների կողմից ընդդիմության, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների դեմ բոլոր ոտնձգությունները, ահաբեկումները և հարձակումները պետք է դադարեցվեն»,- հայտարարել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հայութալուն:

Այժմ 45-ամյա Նավալնին դատապարտված է երկուսուկես տարվա ազատազրկման: Իշխանությունները պնդում են, որ Նավալնին խախտել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները 2014 թ-ի դատավճռի հիմնա վրա, որն, ըստ Նավալնիի, ունի քաղաքական դրդապատճառներ:

Ըստ ՌԴ դատարանի՝ Նավալնին չի տեղեկացրել իշխանություններին իր գտնվելու վայրի մասին, երբ գրեթե մահամերձ տեղափոխվել է Գերմանիա թունավորումից հետո:

Եվրոպացի բժիշկ-փորձագետները պնդում են, որ նա թունավորվել է խորհրդայինժամանակաշրջանի նյարդային համակարգի վրա ազդող Նովիչոկ տեսակի քիմիական զենքով:

Նավալնին ձերբակալվել էր անցյալ տարվա հունվարին, երբ նա վերադարձավ Ռուսաստան ՝ թունավորումից ապաքինվելուց հինգ ամիս անց:

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Նավալնիի թունավորման և ազատազրկման հետևանքով: Կրեմլը շարունակում է հերքել թունավորման հարցում մեղադրանքները՝ ԵՄ -ը մեղադրելով Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու մեջ:

59 հազար դոլարի պարգեւ նախատեսող Սախարովի անվան մրցանակը կտրամադրվի դեկտեմբերին Ֆրանսիայում կայանալիք արարողության ժամանակ: Նախկին մրցանակակիրների թվում են Հարավային Աֆրիկայի նախագահ Նելսոն Մանդելան, Պակիստանի կրթության ակտիվիստ Մալալա Յուսուֆզայը և Վենեսուելայի ժողովրդավարական ընդդիմությունը:

Այս տարվա թեկնածուների թվում են մի խումբ աֆղանստանցի կանայք, բանտարկված բոլիվիացի քաղաքական գործիչ և նախկին ժամանակավոր նախագահ Ջանին Անեսը:

 --00—ՄՀ