Վանա լճի մակարդակի նվազումը վտանգում է լճի էկոհամակարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Վանա լճի մակարդակը շարունակում է նվազել երաշտային եղանակի պատճառով։ Լճում հազարավոր տարիների ընթացքում ձևավորված մեծ կորալային գոյացությունները, որոնք կարելի էր տեսնել միայն սուզվելիս, այժմ արդեն հայտնվել են ջրի մակերեսին, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ակվակուլտուրայի ֆակուլտետի դասախոս Մուստաֆա Աքուշի պնդման՝ տիեզերքից արված լուսանկարներում երևում է, որ Վանա լճի տեսքը փոխվում է։

«Վանա լճի 2019 և 2021 թվականներին արված լուսանկարներում մեծ տարբերություններ են առկա։ Թվում է` լճի ձևը մասնակի փոխվում է։ 2019 թվականին այն հատվածները, որոնք ջրի տակ էին, այսօր ափ են դուրս եկել»,-նշել է Աքուշը։ Նա նաև նշել է, որ լճի ջրի մակարդակի նվազումը վտանգ է ստեղծում նաև աշխարհում միայն Վանա լճում ապրող տառեխի համար։

«Վանա լճում ապրող տառեխները բազմացման շրջանում ամեն տարի «գաղթում են» հոսող ջրեր։ Այժմ այն կետերում, որտեղից ջուրը ետ է  քաշվել, բազմացման շրջանում տառեխները սպասում են մոտ երկու շաբաթ։ Տառեխների համար սպասելու հարմար վայրերում ջուրը ցամաքել է։ Հույս ունեմ՝ անձրևի և ձյան տեղումների հետ միասին լճի մակարդակը կրկին կբարձրանա և գալիք ապրիլ ամսին սկսվելիք «բազմացման գաղթի» ժամանակ այդ տարածքները կրկին ջրի տակ կլինեն»,-շեշտել է մասնագետը։

--00—ԼՄ