Ջերմուկում մեկնարկել են ենթակառուցվածքների արդիականացման մեծածավալ աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

Ջերմուկ

Հայաստանի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից մեկը լինելով հանդերձ՝ Ջերմուկում նույնպես ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտություն կար. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Ներկայումս քաղաքում մեկնարկել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնցից այս պահին իրականացվում է Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգումը, իսկ առաջիկայում կմեկնարկեն Գնդեվանքի քայլարշավային արահետի, ջրվեժի ճեմուղու, ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգման աշխատանքները: Կկառուցվի նաև «Եղնիկի» դիտահրապարակը, որն արդեն նախագծման փուլում է:

Նախնական գնահատմամբ՝ աշխատանքների արժեքը կազմելու է շուրջ 3 միլիարդ ՀՀ դրամ, որը ներդրվելու է Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակներում, որը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը»,- նշել է նա։
 

--00—ՄՀ