Երկիրը կտանեն նոր կապիտուլյացիայի, այս ամենն ավարտվելու է կենսական զիջումներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Քաղաքական

«Հայ ժողովրդին մեկ անգամ ևս ստորացնելու փորձ է արվում», -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով հայկական և ռուսական մամուլում ակտիվ շրջանառվող լուրերը, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ Ադրբեջանը և Հայաստանը պատրաստվում են երկու նոր փաստաթուղթ ստորագրել:

Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ՝ դա հերթական ստորացուցիչ, հայ ժողովրդի արժանապատվությունը և կենսական շահերը ոտնահարող փաստաթուղթն է լինելու: Հարցին՝ ընդդիմությունն արդյո՞ք տեղյակ է ի՞նչ է ենթադրվում այդ փաստաթղթերով, Սաղաթելյանը պատասխանել է․

«Գործընթացներ են տեղի ունենում, որոնց համադրությամբ և վերլուծությամբ, նաև տարբեր կողմերի հայտարարությունները մեզ հուշում են, որ լավ ճանապարհով չենք գնում: Իշխանությունը չի էլ թաքցրել, որ գնալու է այս ճանապարհով, իսկ ընդդիմությունը դրա մասին խոսել է ամեն օր։ Այնպես չէ, որ առաջին անգամ է խոսում: Եթե ես խորհրդարանում 10 ելույթ եմ ունեցել, 7-ը դրան է նվիրված եղել: Շատ մեծ անակնկալ չի եղել, որ երկիրը կտանեն նոր կործանարար ճանապարհով»,-ասել է նա։

Իշխան Սաղաթելյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր՝ «լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր, Հայաստանն անելու է նոր զիջումներ»:

Ճշգրտող հարցին՝  հայտարարությամբ հենց նոր ստորագրվելիք փաստաթղթե՞րը նկատի ուներ, Սաղաթելյանը պատասխանել է․ «Այո, դա նկատի ունեմ»:

ԱԺ փոխնախագահը  վստահեցրել է նաև, որ ստորագրվելիք փաստաթղթերը իշխանությունը կրկին կփորձի ներկայացնել որպես ձեռքբերում, տարածաշրջանում խաղաղության հաստատելու փորձ։

«Այն մասին, որ Հայաստանի իշխանությունները չեն սպասարկում և չեն էլ կարող սպասարկել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերը, մենք վերջին մեկ տարում անընդհատ խոսել ենք: Մենք պարբերաբար ասել ենք, որ այս իշխանությունն ի վիճակի չէ բանակցություններ վարել և մտածում ենք, որ երկիրը կտանի նոր կապիտուլյացիայի: Մենք գտնում ենք, որ այս ամենը ավարտվելու է նոր զիջումներով, նաև կենսական զիջումներով: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սա, որպեսզի բոլորը հասկանան, որ հայ ժողովուրդը պատրաստ չէ նոր զիջումների գնալ»,-ասել է Սաղաթելյանը:

Ըստ մամուլի՝ Հայաստանը և Ադրբեջանը նոր փաստաթուղթը կամ փաստաթղթերը ստորագրելու են հենց նոյեմբերի 9-ին՝ եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունից ուղիղ մեկ տարի անց:

Ըստ Սաղաթելյանի՝ սրանով փորձ է արվում հայ ժողովրդին երկրորդ անգամ ստորացնել։

«Միայն այն, որ այդ փաստաթուղթն ամսի 9-ին է կնքվում, արդեն իսկ արժանապատվության, ինքնասիրության հարց է:

Հայ ժողովրդին մեկ անգամ ևս ստորացնելու փորձ է արվում: Միայն սա բավարար է, որ ողջ ժողովուրդը դուրս գա սրա դեմ»,-ասել է ԱԺ փոխնախագահը:

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնել է, ընդդիմությունը քննարկումներ է անում, իսկ նոյեմբերի 9-ին մեծ հանրահավաք է սպասվում։

«Մինչ այդ կորոշենք՝ ինչ ենք անում: Քննարկումներ են ընթանում, պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում»,- ասել է նա։

--0--ԿԿ