Թուրքիան զգուշացնում է Սիրիայի քրդերին, որ գրավված տարածքները պետք է վերադարձվեն

ԵՐԵՎԱՆՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է Սիրիայի վերջին զարգացումներին։  Թուրք պաշտոնյան խոսել է Սիրիայի քրդական ուժերի, Իդլիբի և Եփրատ գետի արևելյան հատվածում ստեղծված իրավիճակի մասին։ Անդրադարձ է կատարել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերման հարցին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Աքսոյի խոսքերով՝ Թուրքիան ընդհանուր առմամբ դրական է գնահատել Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը։ Այնուամենայնիվ, թուրք պաշտոնյան զգուշացրել է, որ  ԱՄՆ-ի զինված ուժերի դուրսբերումը չպետք է ծառայեցվի Սիրիայի քրդական ուժերին: Այն տարածքները, որոնք քրդերը վերցրել են Սիրիայում տարիների ընթացքում, պետք է  ետ վերցվեն:

Անդրադառնալով ապառազմանականացված գոտի հայտարարված Սիրիայի Իդլիբի  հարցին՝ թուրք պաշտոնյան նշել է, որ Անկարան որևէ կերպ թույլ չի տա, որպեսզի  Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբի վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը խախտեն։ Նա Սիրիայի կառավարությանը մեղադրել է այն բանում, որ փորձում է խախտել Իդլիբի հրադադարը։  

«Բաշար Ասադի նպատակը հրադադարի խախտումն է։ Վերջին ժամանակներս Հայաթ Թահրիր ալ Շամ ահաբեկչական կազմակերպությունը սկսել է հարձակվել Սիրիայի ընդդիմադիր ուժերի վրա։ Մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի կանխարգելենք սադրանքները։ Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կաջակցի Իդլիբի շուրջ ձեռքբերված համաձայնությանը»:

Աքսոյն ընդգծել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված Եփրատ գետի արևելյան հատվածում Սիրիայի քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու հարցում։ Նրա բնորոշմամբ՝ Սիրիայի քրդական ուժերը վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը։

Աքսոյը հիշեցրել է ԱՄՆ-ին, որ ըստ թուրք-ամերիկյան համաձայնության (Մանբիչի շուրջ անցյալ տարի ձեռքբերված համաձայնություն)՝ Սիրիայի քրդական ուժերը պետք է դուրս գային Մանբիչից, բայց դեռ ոչ բոլոր քուրդ զինյալներն են հեռացել Մանբիչից: