ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը կողմ է Հայաստանում համայնքների խոշորացմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Նախարարը նախ շնորհավորել է Նաթիա Նացվլիշվիլիին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի դերը, իրականացրած և իրականացվելիք ծրագրերը Հայաստանում։

Նախարարն առանձնացրել է հատկապես Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ 34 բնակավայրում իրականացվող ծրագիրը, որը կարող է նպաստել նշված սահմանամերձ բնակավայրերի կենսամակարդակի բարձրացմանը՝ նվազեցնելով սոցիալ-տնտեսական խոցելիությունը և խթանել ցածր եկամուտ ունեցող բնակչության ներգրավմանը եկամուտ ստեղծող և արտադրական գործունեության մեջ։

Նախարարը կարևորել է նաև էներգախնայողության ծրագիրը, որը բացի բնապահպանական կարևոր բաղադրիչ ունենալուց նաև մասնակցային ծրագիր է։ Պետությունը, համայնքը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն այս ծրագրի շրջանակներում արդեն հաջողություններ ունեն գրանցած։

Սանոսյանը նաև կողմի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի մի քանի մարզերում նոր աղբավայրեր կառուցելու ծրագրի վրա։

Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը։ Նա նշել է, որ հպարտ է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կարողացել է աջակցել ՀՀ կառավարությանը համավարակի, ապա նաև պատերազմի ժամանակահատվածում։ Նացվլիշվիլին ընդգծել է, որ շարունակելու են աջակցել Հայաստանին։

Շարունակելու են սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը, զբոսաշրջության, էներգաարդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների և կանանց դերի բարձրացման ուղղությամբ ընթացքում գտնվող իրենց ծրագրերը։ Նացվլիշվիլին նշել է, որ կողմն են համայնքների խոշորացմանը և հույս ունեն, որ գործընթացը կնպաստի կանանց դերի բարձրացմանը և կարողությունների զարգացմանը։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչը կարևորել է, որ իրենց ու կառավարության տեսլականն ապագա ծրագրերրի վերաբերյալ համընկնում են։

--00--ԱԹ