Սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են, որոնք չեն բուժվում, մեռնում են. Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Աղվան Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հրապարակել է Հայաստան-Թուրքիա փոխադարձ «դրական ազդակների» վերաբերյալ իր հարցն՝ ուղղված կառավարությանը և ստացված պատասխանը։ Պատգամավորը կառավարության պատասխանից հստակ եզրահանգումներ է արել։

Աղվան Վարդանյանի հայտարարությունը ստորև․

«2021թ. հոկտեմբերի 15-ին, ԱԺ նիստում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հարց եմ հնչեցրել Հայաստան-Թուրքիա փոխադարձ «դրական ազդակների» վերաբերյալ։ Առաջարկեցին հարցը գրավոր ուղարկել։ Ուղարկեցի ամսի 16-ին։

Ահա այն.

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ կան 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունները։ Կա ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ. հունվարի 12-ի որոշումը։ ՍԴ-ն այդ որոշմամբ կարմիր գծեր է սահմանել.

Ա) Արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները ունեն բացառապես երկկողմանի բնույթ և չեն կարող վերաբերել որևէ երրորդ կողմի։

Բնականաբար, խոսքը Ադրբեջանի մասին է։

Բ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին։

Գ) Չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին։

Այն է՝ ՀՀ-ն սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

Կրկնում եմ՝ սա ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից քաղվածք է։

Հարցը. այս կառավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելիս ՀՀ Սահմանադրական դատարանի հաստատած կարմիր գծերից նահանջ չի արձանագրվելու»։

Կառավարությունից ստացել եմ 19.10.2021 թվակիր հետևյալ պատասխանը.

«Հարգելի պարոն Վարդանյան,

Ի պատասխան սեպտեմբերի 16-ին ՀՀ վարչապետին ուղղված Ձեր գրավոր հարցման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010թ․ հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշումը առնչվում է 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխ քաղաքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցին։ Հիշեցնենք, որ նշված արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցվել է 2018թ․ մարտի 1-ին` ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրով։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջ մղման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ՀՀ կառավարության մոտեցումներին, ապա տեղեկացնում ենք, որ այս հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրում»։

Հետևություններ.

1.Նախ՝ ես հարց չեմ ուղղել վարչապետ ասվածին։ Ասել եմ՝ ենթադրում եմ՝ երկու հոգի կարող են պատասխանել։ Արտգործնախարարը այստեղ չէ, ո՞վ է երկրորդը՝ դուք որոշեք։ Դահլիճում երկրորդ չի եղել, քանզի ասել են՝ գրավոր ուղարկեք։ Խուսափեցին բանավոր պատասխանել՝ ակնհայտորեն վախենալով թուրքերին որևէ անզգույշ խոսքով նեղացնել։

2.Գրավոր պատասխանում ի՞նչ են ասում սրանք։ Ասում են՝ մեզ համար չկա Հայաստանի Հանրապետություն, չկա Սահմանադրական դատարան։ Ասում են՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը, ՍԴ այդ որոշումը մեզ համար հիմք չէ, մեզ չի վերաբերում, այդ «կարմիր գծերը» հնացած են։ Ասել է՝ այստեղ էլ պատրաստ են զիջել ու զիջել։ 

3. Ցեղասպանության վերաբերյալ կառավարության ծրագրում այս է գրված՝ «Ցեղասպանության միջազգային ճանաչումը կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին»։

Եզրակացություն. սրանք թուրքական խաղաղասիրությամբ ծանր հիվանդ են։ Այդպիսի հիվանդները չեն բուժվում։ Մեռնում են։

4. Պատասախանը ստորագրել է փոխարտգործանախարար Վահե Գևորգյանը։ Չեմ ճանաչում։ Արդյոք վաղվա զարգացումների համար նա՞ էլ, իր նախարարի նման, պատրաստ է պատասխանատվություն կիսել։

Իսկ որ պատասխանատվության ժամանակը գալու է, չկասկածեք»։

--00--ԱԹ

Տեսանյութեր