Ընդդիմությունը չի կարող խոչընդոտել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի կնքմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Քաղաքական

Ընդդիմությունը որևէ կերպ չի կարող ազդել նոյեմբերի սկզբին Պուտին-Փաշինյան-Ալիև հնարավոր եռակողմ հանդիպման  և այդ ընթացքում որևէ հնարավոր փաստաթղթի ստորագրման գործընթացի վրա։ 24News-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեցին քաղաքագետներ Ալեքսանդր Մարգարովը և Հրանտ Միքայելյանը։ 

Ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հոկտեմբերի 23-ին գրել էր, որ նոյեմբերի 8-9-ին նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին փաստաթղթի ստորագրում։

24News-ի հետ զրույցում Երևանում ԱՊՀ երկրների ինստիտուտի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Մարգարովը չցանկացավ մեկնաբանել հնարավոր հանդիպումը՝ նշելով, որ «երբ որ դա պաշտոնապես հաստատվի, այդ մասին կարող ենք խոսել»։

Անդրադառնալով այդ օրերին ընդդիմության կողմից նախատեսված հանրահավաքներին, և թե ինչ ազդեցություն դրանք կունենան հանդիպման, հնարավոր փաստաթղթի ստորագրման վրա, Մարգարովը կարճ պատասխանեց՝ «ոչ մի»։

«Հաշվի առնելով այն մոտեցումը, որ ընդդիմությունը ցուցաբերել և ցուցաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի նկատմամբ, հասկանալի է, որ նրանք կարող են ոչ միայն ամսի 9-ին, այլ նաև ցանկացած օր այս 1 տարվա ընթացքում կազմակերպել իրենց բողոքի ակցիաները։ Եվ դա լինելու է հասկանալի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց դիրքորոշումները և իրենց վերաբերմունքը տվյալ իշխանությանը, և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության նկատմամբ, հայտնի են։ Ինչ վերաբերում է, թե այդ գործողություններն ինչ-որ մի կերպ ազդելու են վարվող արտաքին քաղաքականության վրա, ապա ոչ միայն վերջն 1 տարվա, այլ նաև ավելի երկար ժամանակահատվածի գործողությունները ցույց են տալիս ընդդիմության՝ մեղմ ասած սահմանափակ հնարավորություններն ազդելու օրվա իշխանության արտաքին քաղաքականության վրա», - պարզաբանեց քաղաքագետը։

Մարգարովը հիշեցնում է՝ մեզ մոտ արտաքին քաղաքականությունն իրականացնում է վարչապետը։  «Եվ ելնելով նրանից, որ ինքն ունի իր տեսակետը, որը երևի տարբերվում է այն տեսակետներից, որոնք ներկայացվում են ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, շարունակելու է առաջնորդվել սեփական պատկերացումներով կամ սեփական քաղաքականության պատկերացումներով, այլ ոչ թե այն պատկերացումներով, որոնք արտահայտվել են ընդդիմության մոտ։ Եվ այս տարվա նախընտրական պայքարը ցույց է տվել, որ նրանց մեջ կան որոշակի, զգալի, կարևոր տարբերություններ», - եզրափակեց Ալեքսանդր Մարգարովը։

Անդրադառնալով հնարավոր հանդիպմանը՝ Կովկաս ինսիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասաց, որ այս մասին բաց և թափանցիկ տեղեկատվություն չկա, և որ դա  ինքնին մտահոգիչ է։ 

«Այն պատասխանները, որոնք մենք ստանում ենք պաշտոնյաներից, մեզ, իրականում, որևէ բան չեն բացատրում։ Հայաստանի դիվանագիտական կորպուսն այժմ թույլ վիճակում է։ Եվ ոչ թե չկա համոզմունք, որ մենք կարող ենք լավ բանակցել, այլ կա համոզմունք, որ մենք վատ կբանակցնենք, այսինքն՝ Հայաստանի կողմից շատ թույլ բանակցային դիրք է լինելու զբաղեցրած։ Նախ, որ այս մարդիկ լավագույն պայմաններ ապահովելու նպատակներ չունեն։ Եվ երկրորդը, իրենք ի վիճակի չեն, որովհետև բավական գրագիտություն չունեն։ Եվ այսպիսիով մենք ստանում ենք վիճակ, երբ Հայաստանը խոցելի է դառնում ցանկացած բանակցությունների ժամանակ», - նշեց քաղաքագետը։

Միքայելյանի խոսքերով՝ ազդակներ կան, որ ինտենսիվ բանակցային գործընթաց է տեղի ունենում։ «Ե՛վ Ռուսաստանի կողմից մենք նման բան լսել ենք, և՛ Ադրբեջանի կողմից, և՛ առանձին ինչ-որ խոսակցությունների մակարդակում նաև Հայաստանի գործող իշխանությունների կողմից։ Բայց ո՞ր փուլում է դա գտնվում, ի՞նչ վիճակ է այդտեղ, որքանո՞վ է մոտիկ ստորագրմանը, մի քիչ դժվար է ենթադրել, որովհետև դա ամեն դեպքում սպեկուլյացիա է դառնում։ Եվ, ցավոք սրտի, մենք բախվում ենք այնպիսի իրողությունների հետ, երբ տեքստը պատրաստված է, հրապարակված է և ստորագրվում է, դեմն առնել հնարավոր չէ»։

Քաղաքագետը վտանգավոր է համարում դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը։ «Որովհետև եթե դելիմիտացիան տեղի ունեցավ, եթե ճանաչվեց Հայաստանի և Ադրբեջանի դե ֆակտո սահմանը, այսպիսով մենք ճանաչում ենք Ադրբեջանի կողմից Արցախի հայկական տարածքների զավթումը։ Ես նկատի ունեմ Քաշաթաղի շրջանը, Քարվաճառի շրջանը և այն շրջանները, որոնք կազմել են Արցախի տարածքների զգալի մասը՝ մինչև անցած տարվա օկուպացիան կամ հանձնումը, այսինքն, օկուպացիան՝ պատերազմի ժամանակ, հանձնումը՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Եթե որևէ մի նոր բան ստորագրվի նոյեմբերի 9-ին, դա լրացուցիրչ վտանգավոր բան է, որովհետև դա թույլ  է տալու Ադրբեջանին հայերի նկատմամբ հաղթանակի պաշտոնական տոն հայտարարել և դրանից Ադրբեջանական քարոզչությույնն անպայման կօգտվի։ Եվ սա շատ կարևոր է, չնայած միայն սիմվոլիկ նշանակություն ունեցող իրադարձություն է, բայց, ցավոք սրտի, Հայաստանում երբեք այդ սիմվոլիզմը չի գնահատվել, բայց սա Արդբեջանում գնահատվում է», - հավելեց նա։

Միքայելյանի համոզմամբ՝ ընդդիմությունը որևէ ազդեցություն չի կարող ունենալ փաստաթղթի ստորագրման հետ կապված գործընթացի վրա, դրանից հետո։ «Ընդդիմությունն արդեն անցած տարվա ընթացքում իր գործերով ապացուցել է, որ որևէ բան չի կարող անել։ Եվ իրենց հայտարարություններում մենք միշտ լսել ենք, որ դա այն պատճառով է, որ «ժողովուրդն ուղղակի չի աջակցում»։ Բայց իմ գնահատականն այլ է․ ընդդիմությունը որևէ բան չի կարողանում անել, որովհետև կա՛մ չի ուզում, կա՛մ ինտելեկտուալ ռեսուրս չունի։ Եվ Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը հակակշիռների բացակայությունն է, որն իշխանությանն ուղղություն կտա, կստիպի որպեսզի ինչ-որ տեղ իր քաղաքականությունը փոխել ավելի դեպի հայանպաստ կամ ավելի դեպի հավասարակշռված։ Եվ քանի որ դա բացակայում է, իշխանությունը գործում է ամբողջությամբ իր օրակարգով կամ այն օրկարգով, որը թելադրվում է դրսից», - եզրափակեց քաղաքագետը։

«ՌԻԱ Նովոստի»-ին գրել էր, որ հանդիպմանը սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում: «Փաստաթուղթը վերաբերելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին: Այս գործընթացը բարդ է, և կողմերը Ռուսաստանի միջնորդությամբ իրենց համար կորոշեն «ճանապարհային քարտեզ»՝ տվյալ խնդրին լուծում գտնելու համար։ Նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարություն է սպասվում։ Այդ կետը նշվում էր անցյալ տարվա նոյեմբերին երեք երկրների ղեկավարների կողմից ընդունված եռակողմ հայտարարության մեջ», - մանրամասնել էր աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին։

--00--ԿԿ

Տեսանյութեր