Ալեն Սիմոնյանը կիպրոսցի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական երկօրյա այցով Կիպրոսում է: Պաշտոնական այցը մեկնարկել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպմամբ:

Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել հայ-կիպրական դարավոր բարեկամության, ընդհանուր անցյալի եւ պատմության տարբեր դրվագներում իրականացված փոխօգնության շուրջ:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Կիպրոսը դեռեւս 1975 թվականին Եվրոպայում առաջինը, աշխարհում երկրորդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է սահմանել, ինչպես նաեւ` պատասխանատվություն  ցեղասպանությունների ժխտման համար:

Առանձնահատուկ շեշտվել է բարեկամ երկրների օրենսդիր մարմինների համագործակցության գերազանց մակարդակը՝ նախանշելով հեռանկարային ծրագրերը:

Կողմերը խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների ձեւաչափը համարել են  միջխորհրդարանական օրակարգն առավել ընդլայնելու լավագույն մեխանիզմ: ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների պատգամավորների օրինակելի փոխգործակցությունը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում՝ միմյանց համար կարեւոր հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարեկամ Կիպրոսին 2020թ. հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւի միաձայն ընդունման համար: Նա նաեւ երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ հայազգի պատգամավոր Վարդգես Մահդեսյանի նախաձեռնությամբ 44-օրյա պատերազմի մասնակիցներին խորհրդարանում ընդունելու համար: Ալեն Սիմոնյանը  դատապարտելի է համարել 2021թ. հուլիսին Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոսի հյուսիսային հատված՝ թուրքական կողմից կղզու մասնակի գրավման 47-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով:

ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը վերահաստատել է Հայաստանի լիակատար աջակցությունը Կիպրոսի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին՝ հանուն արդարության վերականգնման եւ եղբայրական Կիպրոսի վերամիավորման:

Կողմերը Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի մեկնարկն առաջնահերթություն են դիտարկել՝ փաստելով, որ լայն հնարավորություններ են ստեղծվելու փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտների զարգացման համար:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հավաստիացրել է, որ իր կողմից բոլոր ջանքերը ներդրվելու են հայ-կիպրական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ուղղությամբ: Նա վստահություն է հայտնել, ուր ՀՀ ԱԺ նախագահի այցը կարեւոր ներդրում է փոխադարձ հանձնառությունների բարձրաձայնման եւ համատեղ ծրագրերի մշակման համար:

ՀՀ ԱԺ նախագահը կիպրոսցի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան:

Հանդիպումը եզրափակվել է մամուլի համար երկկողմանի հայտարարությունների հրապարակմամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների նախագահներն այցելել են նաեւ հրադադարի գիծ:

--00—ՄՀ