Թող խոսեն տառերը

1.jpg

«ԱրթԶ» կրթամշակութային կազմակերպությունը իր հերթական գեղեցիկ և բովանդակալից նախաձեռնությունը պարգևեց արվեստասեր հասարակությանը:

Հոկտեմբերի 24-ին ՀՀ նկարիչների միության առաջին հարկում գտնվող՝ Արա Սարգսյանի անվան ցուցասրահում, ԱրթԶ–ը  ներկայացրեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի՝ ՍԱՂԱՐԹ անհատական և առաջին ցուցահանդեսը:

1.jpg

Ցուցահանդեսը նվիրված է Թարգմանչաց տոնին  և ընդգրկում է հեղինակի 53 աշխատանք, որոնք ստեղծվել են հինգ տարում: Դրանք կտավներ են կատարված մետաքսի վրա՝ բատիկայի սկզբունքով: Ստեղծագործություններն անտիպ են, քանի որ  առաջին անգամ փորձ է արվել հայոց այբուբենի տառերը ներկայացնել որպես արվեստի գործ՝ ինքնատիպ լուծումներով և պատկերազարդման  նոր տեխնիկայով: Արաբական գեղագրության արվեստին քաջածանոթ լինելու փաստը մեծ հնարավորություն է տվել Արմենուհուն՝ յուրովի ուսումնասիրելու և յուրակերպ բացահայտելու հայկական տառարվեստի և մանրանկարչության առանձնահատկությունները:

1

Համադրված են հայկական զարդարվեստի նախշերը, կենդանակերպի, ինչպես նաև  հայկական առասպելաբանության  խորհրդանիշերը: Ստեղծագործություններում առկա են նաև արվեստի ժամանակակից ընկալումների նոր շերտավորումներ, որոնք աշխատանքները ձևակերպում են ժամանակին համընթաց:

Այս փորձառությունը հաճելի մարտահրավեր ու ոգեշնչման աղբյուր դարձավ մի մարդու համար, ով արվեստի բնագավառում չունի ակադեմիական կրթություն։

1

«Հաշվի առնելով, որ հայկական տառերը մշակութային ինքնության անքակտելի և կարևորագույն բաղադրիչներից մեկն է՝ իմ մեջ ցանկություն առաջացավ բացահայտելու հնադարյան գիրն ու զարդարվեստը և յուրովի նոր շունչ պարգևելու դրանց՝ ժամանակի ոգուն համահունչ»,- ասում է Արմենուհին:

Ցուցահանդեսի համադրող՝  Օվսաննա Քարամյան:

Տեսանյութեր