Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

էրդողան

Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի հետ մասնակցել է Վարանդայում (Ֆիզուլի) կառուցված օդանավակայանի բացման արարողությանը։ Միջոցառումներից հետո նրանք Կովսականում (Զանգելան) առանձնազրույց են ունեցել, ապա մասնակցել համատեղ մամուլի ասուլիսին։ Այս մասին հայտում է Ermenihaber.am-ը։

Ելույթ ունենալիս Էրդողանը բարձր է գնահատվել կատարվող շինարարական աշխատանքները՝ նշելով, որ Թուրքիան շարունակելու է ներդրում ունենալ այս աշխատանքներում և շարունակելու է իր բոլոր հնարավորություններով աջակցել Ադրբեջանին։

Նրա խոսքով՝ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև տնտեսական ու առևտրային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Միաժամանակ քննարկել են ընթացքում գտնվող նախագծերը և ապագային միտված ծրագրերը, որոնք վերաբերում են  էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին և Ղարաբաղի զարգացմանը։

Էրդողանը, նշելով, որ արդեն իսկ բավականին շատ ներդրումներ են կատարվել այդ տարածքներում, հույս է հայտնել, որ հնարավորինս շուտ այդ շրջաններ վերադառնալու հնարավորություն կունենան այն ադրբեջանցիները, որոնք ստիպված էին եղել հեռանալ այդ վայրերից։

Աշխատանքների ընթացքի վերաբերյալ Էրդողանը նաև հետևյալ շեշտադրումներն է արել․ «Մինչև այստեղ գալն ականատես եղանք Ֆիզուլին մի կողմից Շուշիին, մյուս կողմից հարավային սահմանի երկայնքով Աղբենդին ու ապագայում, ալլահի կամքով, Նախիջևանին կապող ճանապարհների շինարարությանը։ Այս ճանապարհները դառնալու են հիմնաքարերը բազմաշերտ բեռնափոխադրումների համար, որոնք զարգանալու են տարածաշրջանում»։

Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին և կապուղիներին՝ նշելով․ «ՄԱԿ ԱԽ որոշումները, որ տարիներ շարունակ չէին կատարվում, Ադրբեջանն ինքը կյանքի կոչեց։ Մնայուն խաղաղության հասնելու և դեպի բաղձալի կարգավորման հասնելու համար միջավայրն այսօր ավելի բարենպաստ է, քան երբևէ եղել է։ Ուստի անհրաժեշտ է գործել տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին համապատասխան: Մենք կողմ ենք, որ տարածաշրջանում մնայուն խաղաղություն և համապարփակ կարգավորում լինի։

Այս տարածաշրջանով անցնելիք ցամաքային (ավտոճանապարհ) և երկաթուղային կապուղիները ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար տնտեսական և առևտրային հնարավորություններ են ստեղծելու։ Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ, Իգդիր ու Կարս, իսկ տարածաշրջանը կամրապնդի իր տեղը որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն»։

Ուշագրավ է, սակայն, որ Թուրքիայի նախագահը՝ ի տարբերություն Իլհամ Ալիևի, իր ելույթի ժամանակ չի օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։

Թուրքիայի ղեկավարը համոզված է, որ այդ զարգացումից կշահեն Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում՝ Իրանը, Վրաստանը և Հայաստանը։ Միաժամանակ պարտադիր է համարել սահմանների հստակեցումը և փոխադարձ ճանաչումը՝ շեշտելով, որ նման ըմբռնումը կազմում է բարիդրացիական հարաբերությունների հիմքը։

«Անհրաժեշտ է, որ այս հարցերում Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրների լուծման համար անկեղծ կամք դրսևորի։ Եթե Հայաստանը անկեղծ կամք ցուցաբերի, ապա Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու առջև ոչ մի խոչընդոտ չի մնա։  Aմբողջ տարածաշրջանի համար միասնաբար ստեղծվելիք բարեկեցիկ ապագան փոքր/ճղճիմ հաշիվների և ներքաղաքական հարցերի համար զոհելը նշանակում է ժամանակ կորցնել։ Աշխարհի այս գեղեցիկ հատվածում խաղաղ պայծառ ապագան միանգամայն հնարավոր է։ Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ Թուրքիան մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ արված յուրաքանչյուր դրական քայլին կպատասխանի նույն կառուցողական մոտեցմամբ»,- ասել է Էրդողանը։

 --00—ՄՀ

Տեսանյութեր