Գյումրիում քաղաքապետի ընտրության հարցով անորոշությունը մնում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Քաղաքական

Գյումրիում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում քվեների մեծ մասը ստացած «Բալասանյան դաշինք» կուսակցությունը դեռ վերջնական որոշում չունի, թե որ ուժի հետ հնարավոր կոալիցիա կկազմի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ավագանու թեկնածու, համայնքապետարանի աշխատակազմի բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Արամ Շաբոյանը։

«Դեռ որոշում չունենք, վաղվանից երևի հանդիպումներ կունենանք մյուս ուժերի հետ, որոշում կկայացնենք», - նշեց Արամ Շաբոյանը։

Կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ առաջարկություններ են ունեցել, սակայն չբացահայտեց թե ինչ և որ ուժերի կողմից։

Հարցին, թե ի՞նչ խնդիր կար, որ կուսակցության ընտրական ցուցակից 13-րդ համարի թեկնածու Նիկոլայ Ղազարյանը հրաժարվեց մանդատից, Շաբոյանը պատասխանեց, որ ոչ մի։ «Մեր սպորտի բաժնի պետն էր, ընդամենն ուզեց ինքնաբացարկ հայտնել, որ գենդերային հավասարությունը պահպանվի, հաջորդ համարում կին կար, օրենքի պահանջը կատարվեց», - եզրափակեց նա։

Գյումրիում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան» դաշինք կուսակցությունը ստացել է 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 11, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ 4, «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 2, «Ապրելու երկիր»-ը՝ 2 մանդատ։

«Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը վերահաստատեց նախկինում կուսակցության արտահայտած դիրքորոշումը՝ «կոալիցիա չենք կազմում»։

«Գյումրու մասով, ինչը որ միշտ ասել ենք, այդպես է՝ «կոալիցիա չենք կազմում»։ Մինչև այս պահն այդպես է։ Ցանկացած լավ բան, որը Գյումրու շահերից է բխում, բնականաբար կքննարկենք ցանկացած կուսակցության հետ », - ընդգծեց նա։

«Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանն ասաց, որ այս պահին որոշում չունեն դեռ։

«Դեռ քննարկում ենք մեր թիմի ներսում, մոտ ժամանակներում երևի պարզ կլինի արդեն։ Ինքներս էլ հասկանանք՝ ով է առաջադրվում [համայնքապետի պաշտոնի համար], ով ինչպես իրեն պետք է դրսևորի, ըստ այդմ մենք կկողմնորոշվենք, մեր քայլը կկատարենք», - ասաց Զոհրաբյանը։

«Մենք մեր տեսակետը հրապարակային հայտնել ենք, ասել ենք, որ պատրաստ ենք Բալասանյան դաշինքի հետ համագործակցել։ Նման հրապարակային պատասխան դեռ չունենք, երբ որ կգա ավագանու առաջին  նիստը, բնականաբար ըստ այդմ մեր ընտրված թիմն իր գործողությունները կկատարի», - եզրափակեց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստանի Հանրապետական» կուսակցություններից չհաջողվեց այս թեմայով մեկնաբանություն ստանալ․ զանգերը մնացին անպատասխան։

--0--ԿԿ