Մարալիկում կայացել է որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման թեմայով վարժանք

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

․

«Երկրաշարժի հետևանքով փլուզված շենքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը» թեմայով ցուցադրական հատուկ մարտավարական ուսումնավարժություն է անցկացվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, վարժանքի ընթացքում իրականացվել են գործնական միջոցառումներ՝ կոմունալ-տեխնիկական ցանցերի, ինչպես նաև հրդեհային և փրկարարական հետախուզություն, իրավիճակի գնահատում, որոնողափրկարարական, վթարավերականգնողական աշխատանքներ, տեսակավորման կետի ծավալում, տուժածներին առաջին օգնության ցուցաբերում, գազատար խողովակի խցափակում:

«Ուսումնավարժությանն ընդգրկված էին՝ փրկարարական և ոստիկանության մարզային վարչությունների, Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների աշխատակիցները, Մարալիկի քաղաքապետարանի ղեկավար կազմը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ուսումնավարժության ղեկավար, Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանի գլխավորությամբ իրականացվեց կատարված աշխատանքների վերլուծություն, արձանագրվեցին թերությունները, տրվեցին համապատասխան ցուցումներ:

--00--ԱՀ