Թուրքական կողմից նախապայման կա, որ Հայաստանն Ադրբեջանի հետ մտերիմ բանակցություններ վարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Քաղաքական

Թուրքական կողմից նախապայման կա, որ Հայաստանն Ադրբեջանի հետ մտերիմ բանակցություններ վարի։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր, պոլսահայ լրագրող Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին։

«Թուրքական կողմից նախապայման կա, որ Ադրբեջանի հետ մտերիմ բանակցություններ վարվեն։ Այսինքն, որպես նախապայման դնում է Ադրբեջանի հետ բանակցություններն ու դրանց դերի մերձեցումը։ Ի՞նչ մտերիմ բանակացություններ է ակնարկում, հստակ չէ, բայց գիտեք, որ մեր հայկական կողմից էլ նման հայտարարություններ եղան, որ մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցելու՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացի վերաբերյալ», - նշեց պոլսահայ լրագրողը։

Ըստ Էստուկյանի՝  այս  շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին կրկին նախապայման առաջադրեց։ 

Ինչ վերաբերում է սահմանի հարցին, ապա «Ակօս» պարբերականի հայերեն բաժնի խմբագրի կարծիքով՝ ամենակարևորը Հայաստանի և Իրանի միջև սահմանի հարցն է։ «Նախ ամենակարևորը Պարսկաստանի հետ ունեցած սահմանագիծն է։ Գիտեք, որ թուրքերը ոչ թե այսօր, այլ ամբողջ պատմության ընթացքում Զանգեզուրի այդ հատվածի վրա աչք ունեն։ Եվ ուզում են Կովկասից Զանգեզուրով միանալ դեպի Կենտրոնական Ասիա։ Դա Պարսկաստանի հետ մեր միակ սահմանն է, որն ունենք։ Այդ սահմանը մենք պետք է ամուր պահենք։ Շատ կարևոր է Պարսկաստանի հետ մեր կապը։ Ինչը որ կսպառնա այդ կապին, մեզ համար անթույլատրելի պետք է լինի։ Ինձ համար ամենակարևոր կետն է սա։ Իսկ իրենց երազանքն էլ, ինչպես որ Էրդողանն ասաց՝ «Զանգեզուրի վրայով մինչև Պոլիս պիտի հասնենք»։ Իրենց համար դա նշանակություն ունի, իսկ մեզ համար Պարսկաստանի սահմանը վտանգելու հավանականություն կա։ Շատ կարևոր ռազմավարական որոշում կա այդտեղ էլ», - ընդգծեց լրագրողը։

Հարցին, թե ինչո՞ւ է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ CNN TÜRK-ին տված հարցազրույցում նշել, որ դրական ազդակներ կան Երևանից,  Բագրատ Էստուկյանը պատասխանեց, որ թուրքական իշխանությունների համար էլ պետք է ձեռնտու լինեն բաց սահմանները։ «Նախևառաջ տնտեսական առումով։ Հայաստանը մեծ երկիր չէ, մեծ բնակչություն չունի, բայց շուկա է իրենց համար, ահագին ապրանք կթափանցի Հայաստան։ Հայաստանի շուկայի մեջ ահագին թուրքական ապրանք վաղուց արդեն կար, և հիմա այդ ծավալը պիտի աճի, իրենց համար սա կարևոր ներդրում է»։

Անդրադառնալով թուրքական կողմի հայտարարություններին՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ պետք է նայել գործերին, ոչ թե խոսքերին։

«Իսկ գործերը նա են, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ իր նախապայմաններից չի հրաժարվում, խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, զորավարժություններ են անընդհատ տեղի ունենում մեր սահմանների մոտ և այլն։ Այսինքն, ես չեմ կարծում, որ Թուրքիան իսկապես հակված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։ Եթե Հայաստանը չգնա զիջումների, ոչ մի կարգավորում չի լինի Թուրքիայի կողմից», - ընդգծեց ակադեմիկոսը։

Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիան Հայաստանին զիջումների է պարտադրում։ «Հրաժարվել Արցախի Հանրապետության շահերը պաշտպանելուց ու ճանաչել Արցախն Ադրբեջանի կազում, երկրորդը՝ ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունից հրաժարվել, երրորդը Կարսի պայմանագիրը ամենաբարձր մակարդակով վերահաստատել։ Իսկ այս երեք նախապայմաններին, որ Թուրքիան տասնյակ տարիներ մեր առջև դնում է, հիմա ավելացել է նաև« Զանգեզուրի միջանցքի» (ինչպես իրենք են ասում) խնդիրը։ Այնպես որ, եթե Հայաստանը չհրաժարվի այդ քաղաքականությունից և չընդունի Թուրքիայի պահանջները, ոչ մի կարգավորում չի լինի», - պարզաբանեց նա։

Ակադեմիկոսը դժվարացավ կանխատեսել, թե ինչ կարող լինել, և ինչի պատրաստ պետք է լինի հայ հանրությունն ու Սփյուռքը։ «Ես չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Դեռ ոչ մի բան չկա, էլի եմ ասում, թուրքերի խոսքերին հավատալ պետք չէ։ Դեռ ոչ մի իրական նախադրյալ չեմ տեսնում, որ ինչ-որ գործընթացներ տեղի կունենան։ Դրանք խոսակցություններ են։ Իմ նշած խնդիրները համարվում են մեր ինքնության մի մասը, և եթե մենք հրաժարվենք այդ խնդիրներից, ընդունենք Թուրքիայի պահանջները, նշանակում է մենք հրաժարվում ենք մեր ինքնության ինչ-որ մի մասից։ Այնպես որ, ամբողջ աշխարհի հայությունը, համոզված եմ, չի ցանկանում իր ինքնությունից հրաժարվել», - եզրափակեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը։

--00--ԿԿ