«Վտանգը կանխելու» անվան տակ՝ զիջումներ ու սուբյեկտայնության կորուստ․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

Շուռնուխ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե անձամբ ինքն է հրաման տվել, որպեսզի հայկական զորքերը Սյունիքից հետ քաշվեն։ Նրա այս հայտարարությունը հավել յալ մեծ պատասխանատվություն է դնում նրա ուսերին, չնայած բացառված չէ, որ ինչպես ամեն անգամ, այս դեպքում ևս հաջորդ պահին վերջինս կարող է արդեն հայտարարել, որ ինքը նման հրաման չի տվել, իրեն ճիշտ չեն զեկուցել, իր խոսքերը այլ կերպ են մեկնաբանվել և այլն։

Այնուամենայնիվ, Սյունիքից զորքերի հետքաշման մասին Փաշինյանի հայտարարությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, միևնույն ժամանակ որոշ չափով լույս է սփռում իրադարձությունների ընթացքի վրա։ Նախ՝ գլխավոր հարցը վերաբերում է նրան, որ հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում էր, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ այդ ժամանակ հայկական զինված ուժերը տեղակայված էին Արցախի՝ Սյունիքին հարակից տարածքներում։ Ստացվում է, որ, հրադադարի բովանդակության համաձայն, հայկական ուժերը պետք է մնային իրենց դիրքերում, բայց տեղի է ունեցել հակառակը։

Ինչո՞ւ է Փաշինյանը հայկական ուժերին նահանջի հրաման տվել. չէ՞ որ եթե հակառակորդը նախահարձակ լիներ, ապա ինքը կարող էր հայտարարել, որ Ադրբեջանը խախտում է ձեռք բերված հրադադարը, և այդ հարցով դիմեր միջնորդ կողմին, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին։ Բացի դրանից, հակառակորդի զորքերը հրադադարի ստորագրումից միայն ամիսներ անց մեծ թվով զինվորականներով և զինտեխնիկայով հատեցին Հայաստանի տարածքը Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում և մինչև այժմ շարունակում են ամրանալ ու դիրքավորվել։

Զարմանալի է, որ պատերազմի ավարտից հետո այս ժամանակահատվածը ՀՀ իշխանություններն արդյունավետ չեն օգտագործել գոնե Սյունիքի սահմանին համապատասխան ամրաշինական աշխատանքներ իրականացնելու և անհրաժեշտության դեպքում հակառակորդի ագրեսիան հետ մղելու խնդիրը լուծելու համար։ Մի՞թե մտածում էին, թե թշնամին բավարարվելու է ձեռք բերածով։ Հազիվ թե... Ստացվում է, որ թշնամուն դիմադրություն ցույց չտալու և նահանջի հրաման արձակելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը պայմաններ է ստեղծել, որ ոչ միայն Սյունիքին հարակից Արցախի տարածքները հենց այնպես հանձնվեն, այլև խախտվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։

Դրա արդյունքում է, որ հակառակորդն առանց որևէ դիմադրության հանդիպելու ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք, ու Ալիևն էլ իրենց գործողություններն էլ արդարացնում է նրանով, որ եթե դա Հայաստանի տարածքը լիներ, հայկական կողմից պաշտպանական դիրքեր կլինեին, այնինչ Հայաստանը չի ցանկացել պաշտպանել այդ տարածքները։ Առավել ևս, որ ՔՊ-ականները հերթով մեզ համոզում էին, որ Ադրբեջանը մեր տարածք չի մտել, այսինքն՝ արդարացնում էին թշնամական պետության քայլերը՝ հավաստելով, թե նրանք իբր իրենց տարածքներում են: Ընդհանրապես, այն հանգամանքը, որ ոչինչ չի ձեռնարկվում թշնամուն Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու համար, բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս։

Դրա համար էլ հանրության շրջանում կարծիքներ են շրջանառվում այն մասին, թե այդ իրողությունը շատ հնարավոր է, որ գաղտնի պայմանավորվածությունների արդյունք է։ Թերևս հարկ է, որ հանրության շրջանում առկա մտահոգությունները փարատելու համար այս հարցին հենց իշխանությունները սպառիչ պարզաբանումներ ներկայացնեն։ Սակայն կասկածները ցրելու փոխարեն իշխանություններն ամեն անգամ իրենց զիջողական գործողությունները փորձում են արդարացնել պատերազմի, բախման վտանգով։ Դրա համար էլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե Սյունիքի հատվածում զորքերի նահանջի որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու, այդ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունն էինք կորցնելու և այլն։ Ի դեպ, նախընտրական քարոզարշավի ընթացքում էլ նշում էր, թե հարկ չկա Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ սկսել։

Այսպիսով, Փաշինյանը կարծես թե արդարացնում է իր իշխանության պարտվողականությունը, առկա ու սպասվելիք զիջումները և պետականությունը գլորում դեպի սուբյեկտայնության կորուստ։ Ու իշխանությունների այս գործելակերպը աստիճանաբար դեպի նրան է տանում, որ առաջիկայում ևս պատերազմի վտանգի կամ դրանից մեր ժողովրդին «փրկելու» թեզի ներքո էական զիջումներ կատարեն Ադրբեջանին ու ճանաչեն այդ երկրի սահմանները՝ մոռանալով Արցախի ճակատագրի մասին։ Սակայն հանրությունը և քաղաքական ուժերը չպետք է տուրք տան իշխանությունների կեղծ թեզերին, չպետք է թույլ տան նոր կապիտուլ յացիա։

Ի վերջո, յուրաքանչյուր անկախ պետության խնդիրն է ապահովել իր ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը, թեկուզ եթե հարցը վերաբերում է ոչ մեծ տարածքի։ Այլապես ո՞վ կարող է երաշխավորել, որ մեկ տեղում ամրանալուց հետո ադրբեջանական զինված ուժերը նորից չեն խորանա Հայաստանի տարածքում: Իհարկե, ոչ ոք։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՄՀ