Դատախազությունը համաձայն չէ Խ. Սուքիասյանի եղբորը գրավի դիմաց ազատ արձակելու որոշման հետ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2,  24 News

Սուքիասյան

Դատախազությունը համաձայն չէ «Գռզո» մականունով հայտնի իշխանական գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշմանը, պահանջում են նրան կրկին կալանավորել։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռոբերտ Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը ավելի քան 100 հազար դոլար), ինչը վճարելուց հետո Սուքիասյանն ազատ է արձակվել։

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը կայքի հետ զրույցում հայտնել է, որ դատախազությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել՝ Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշման դեմ։

Հիշեցնենք, որ Գռզոյի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ընկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Գռզոյի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Գռզոյի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։

«Փաստինֆո»-ն հայտնել է, որ այն եղել է պարգեւատրված զենք՝ Արցախի նախագահ կողմից։ Թե այդ ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգեւատրվել Գռզոյի եղբորը պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երեւանի կենտրոնում՝ ռազբորկայի ժամանակ։

Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է, բայց փաստացի նա կալանքի տակ չի գտնվում արդեն շուրջ երկու ամիս։ Քրեական գործող մեղադրանք է առաջադրվել նաև 46-ամյա տղամարդու և տուժող Նարեկ Կարապետյանին։ Նկատենք, որ սույն քրեական գործով տուժող կողմը ԱՄՆ քաղաքացիներ են եւ գործի նկատմամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, թերեւս դա էլ հաշվի առնելով իշխանությունները որոշել էին Գռզոյի եղբորը ձեւականորեն կալանավորելու որոշում կայացնել՝ ամերիկացիներին ցույց տալու, թե իբր օբյեկտիվ քննություն են իրականացնում, սակայն գործնականում իշխանական օլիգարխ-պատգամավորի եղբայրը արգելանքի տակ չէր գտնվում, վերջինս իր կալանավորման ժամկետն անցկացրել է քաղաքացիական հիվանդանոցում։

Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել և փոխել Գռզոյի եղբոր մեղադրանքի նկարագրությունը՝ նշելով, թե իբրև վերջինս դեպքի վայրում հայտնվել է պատահաբար, սակայն զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածը չի վերաորակել։ Նախաքննության ավարտից առաջ վարույթն իրականացնող մարմինը դադարեցրել է մեղադրյալներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը։

--00--ԱԹ