ՔՊ-ն «Հանրապետությանը» կասկածում է կաշառք բաժանելու մեջ, այնտեղ լուրը ծիծաղելի են որակում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Հասարակական

Կասկածներ կան, որ Մեղրիում «Հանրապետություն» կուսակցության համայնքապետի թեկնածուի (Բագրատ Զաքարյան) կողմից ընտրակաշառք է բաժանվել, ու ոչ մեկ հոգու․ որին 10 հազար դրամ, որին՝ 20 հազար դրամ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ-ական Արարատ Թումանյանը։

Համայնքում ընտրություններից ի վեր տեղական իշխանության ձևավորման հարցը մնում է անորոշ։ Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրություններում «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները, որոնք ավագանիում 15 մանդատից համապատասխանաբար ստացել են 6-ը և 5-ը, շարունակում են պայքարել համայնքի ղեկավարումը ստանձնելու համար։

«Դեռ կոալիցիոն բանակցություններ են ընթանում 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև։ Մոտավորապես դեռ 13-14 օր կա օրենքով նախատեսված, որ կարող ենք քննարկել, մինչև առաջին նիստը կայանա։ Եվ ըստ այդմ էլ քվեարկություն լինի համայնքապետի պաշտոնի համար», - ասաց Թումանյանը։

Նրա խոսքերով՝ բանակցությունները դեռևս արդյունքի չեն բերել։ «Արդյունքները կերևան քվեարկության օրը։ Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին, մենք բանակցում ենք գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, փոխգործակցություն, քննարկումներ են տեղի ունենում, դեռ ոչ մի բանի ոչ մեկը էլ չի հասել»։

Թումանյանը նշեց, որ հնարավոր ընտրախախտումների հետ կապված դիմել են դատախազություն․ «Կոնկրետ ինձ և մեր թիմի որոշ իրավաբանների են դիմել քաղաքացիներ, ովքեր կաշառք են ստացել։ Չեմ ուզում դեռ անուններ ասել՝ քննչական մարմիններին չխոչընդոտելու համար, որովհետև կարող է հետաքննություն լինել։ Մեր աշխատանքի արդյունքում որոշ բաներ ենք տեղեկացել։ Կասկածներ կան, որ Մեղրիում «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի կողմից ընտրակաշառք է բաժանվել, ու մեկին չէ․ որին 10 հազար դրամ, որին՝ 20 հազար դրամ մեկ ձայնի դիմաց։ Եղել է նաև «կարուսել»։ Եթե օրենքը ցույց տա, որ դա կարող էր նպաստել ընտրության արդյունքների վրա՝ ի վնաս մեզ, ի օգուտ ընտրական խախտում կատարողի, բնականաբար չի բացառվում, որ տեղի ունենան նոր ընտրություններ»։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հստակ չասաց, թե ով է «կարուսելի» դիմել։ 

Նա նշեց, որ նախկինում «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը բանավոր զրույցներում առաջարկել է, որպեսզի ՔՊԿ-ին տրվեն համայնքապետի տեղակալի և կոմունալ ծառայության պետի հաստիքները։ «Մեղրիում Բագրատ Զաքարյանը չի համաձայնել, ամեն բառիս, տառիս պատասխանատու եմ։ Չի համաձայնել, որովհետև ես քաջ գիտակցում էի՝ ինչ եմ իրենցից ուզում, և նաև հասկանալի է դարձել՝ ինչու են հրաժարվել Կումունալ ծառայության պետի և տեղակալի պաշտոնը տալ։ Ճանաչելով «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներին՝ կարող եմ ասել, որ չեն համաձայնել, որովհետև կոմունալ ծառայությունը միակ ՀՈԱԿ-ն է, որով իրենք կարող էին ամեն ինչ իրենց թույլ տալ, ապօրինություններ։ Անգամ պաշտոնը չստանձնած, Բագրատ Զաքարյանն արդեն քեֆեր էր անում, արդեն պաշտոններ էր բաժանում իր բարեկամներին, իր հարազատներին։ Եթե ինձնից հարցում անող կլինի, անուն առ անուն կասեմ», - եզրափակեց Արարատ Թումանյանը։      

Անցողիկ շեմը հաղթահարել են նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցությունը (2 մանդատ) և նախկին նախարարներ Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի առաջնորդած «Ապրելու երկիր» կուսակցությունը (2 մանդատ)։ «Հանրապետություն»-ը ստացել է 2133 ձայն (42.87%), «Քաղաքացիական պայմանագիրը»-ը՝ 1637 (32.90%), «Ազատական»-ը՝ 716 (14.39%), «Ապրելու երկիր»-ը՝ 487 (9.79%)։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «ծիծաղելի» որակեց ընտրակաշառքի մեղադրանքները։

«Գիտե՞ք, մեզ մեղադրել ընտրակաշառքի մեջ, մեղմ ասած, ծիծաղելի է։ Մենք 20 տարվա պատմություն ունենք, մեր քաղաքական թիմը չի մտել ոչ մի քաղաքական գործարքի մեջ, էլ չասեմ ընտրակաշառք բաժանելու։ Եթե մենք ընտրակաշառք բաժանած լինեինք կամ ցանկացած քաղաքական ուժ, ուրեմն իր (Թումանյանի) ներկայացրած քաղաքական ուժն այնքան իմպոտենտ է, որ չի կարողացել ընտրությունների ընթացքում ընտրակաշառքի դեպքը բացահայտել», - 24News-ին ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ տեղական իշխանության ձևավորման հարցը դեռ ընթացիկ փուլում է։ «Բայց ինչպես տեսնում ենք, Արարատ Թումանյանչիկն ինչպես քարոզչության ընթացքում, այնպես էլ քարոզչությունից հետո տղամարդկության չունի, որ պարտությունն ընդունի։ Եվ այդպես անբարոյական ձևերով տարբեր մեկնաբանություններ է տալիս։ Բայց Մեղրին ու մեղրեցին իրենց գնահատականը տվել են, ու եթե Բագրատ Զաքարյանը չլինի համայնքապետ, ես էդ Թումանյանչիկին ուզում եմ տեսնել փողոցում, թե ինչպես են իրեն վերաբերվում մեղրեցիները։ Ու ես լիահույս եմ, որ եթե հանկարծ բանակցությունները չստացվեն ու իրավիճակն այլ կողմ գնա, վստահ եմ մեղրեցիների թասիբի վրա», - ընդգծեց նա։

Անդրադառնալով պաշտոնների հետ կապված հարցին՝ Անի Խաչատրյանն ասաց, որ Արամ Սարգսյանը չի առաջարկել, այլ ՔՊ-ականներն են առաջարկել վերոնշյալ պաշտոնները ստանալ։ «Ես վստահ եմ, որ ինքը (Արարատ Թումանյանը) չգիտի, այն ֆիգուրը չէ իրենց թիմում, որ որևէ մեկը բանի տեղ դնի, որևէ բան իրեն պատմի։ Արամ Սարգսյանը չի զանգել, Արամ Սարգսյանին են զանգել, պայմանավորվածություն, որպես այդպիսին, չի եղել։ Մենք ասել ենք, որ կոմունալի պետի պաշտոնը համայնքի ղեկավարի խոստումներն իրականացնելու ամենակարևոր միջոցն է։ Եվ այն անձը, որին իրենք առաջարկել էին, գործողն է, անընդունելի է մեր թիմի համար, որովհետեւ անցել է բարոյական և անձնական բոլոր սահմանները։ Մենք ասել ենք, որ այդ անձի հետ չենք կարող աշխատել։ Այսքանն է եղել իրենց հետ բանակցությունը»։

Անդրադառնալով փոխհամայնքապետի պաշտոնի հարցին՝ Խաչատրյանն ասաց, որ այդ հարցում համաձայնել են։ «Ասել ենք, որ փոխքաղաքապետի հաստիքը կարող ենք տալ, առաջարկել ենք այլ հաստիքներ։ Ինչ վերաբերում է կոմունալի պետի պաշտոնին, որի համար Թումանյանն այդպես պայքար է տանում, դա, կարծում եմ, պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին։ Ես ինքս արդեն իսկ կասկածներ ունեմ։ Երեկ Թումանյանը հարցազրույց էր տվել, ասել էր, որ կոմունալը լվացք անելու տեղ է։ Փաստորեն պարոն Թումանյանը շատ լավ տիրապետում է «լվացք անելուն»։ ես շատ կուզեմ իրավապահներն ուսումնասիրեն այդ համակարգը (Կոմունալ ծառայությունը)», - հավելեց Խաչատրյանը։

Անդրադառնալով ծառայության հաստիքը չտալու վերաբերյալ Թումանյանի «ապօրինություններ» անելու մեկնաբանություններին՝ Խաչատրյանը նշեց. «Ուրեմն իրենք անո՞ւմ էին, հա՞։ Ուրեմն իրենք անում են, որ ինքն այդքան փայլուն տիրապետում է։ Ես դրա համար եմ ասում, շատ կուզեմ, որ ուսումնասիրվի այդ ամեն ինչը։ Ես գրեթե վստահ եմ, որ մեղրեցիները տեր կլինեն իրենց ընտրությանը, որովհետեւ ես երեկ հանդիպել եմ ֆեյսբուքյան գրառումների, որ «մենք չենք ընտրել Բագրատ Զաքարյանին, բայց մենք ժողովրդի քվեի համար պայքարելու ենք»։