ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով իրավական բաց կա

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «2002 թվականի հոկտեմբերի 7-ի՝ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կկազմակերպի համաձայնագրի ստորագրումը:

Չորրորդ արձանագրության կնքման հարցը ծագել է՝ պայմանավորված ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ոլորտների ընդլայնման և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար իրավական բացը լրացնելու անհրաժեշտությամբ։

Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն.

  • Կետ 1. ՀԱՊԿ Կանոնադրության հոդված 8-ով թվարկվող համագործակցության ոլորտների շարքում ավելացնել կենսաբանական անվտանգության ոլորտը։
  • Կետ 2. լրացնել իրավունքի բացը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով։

«Հաշվի առնելով մի կողմից ՀԱՊԿ շրջանակներում կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցության զարգացմանն ուղղված գործընթացները և այդ համատեքստում անդամ մի շարք պետությունների մոտեցումները՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ կենսաբանական անվտանգության ոլորտը որպես համագործակցության ոլորտ ամրագրելու անհրաժեշտության մասով, ինչը կապահովի կազմակերպության մանդատի շրջանակի հստակությունը, մյուս կողմից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման համար իրավական հիմքերի առկայությունն ապահովելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով, նպատակահարմար է գտնում «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» չորրորդ արձանագրության ստորագրումը: Այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին», - նշված է կառավարության որոշման մեջ։

--00--ԱԹ