Հայաստանն ունի մարդկանց ահռելի մեծ ներուժ, սակայն մենք այն չենք օգտագործում

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24 News

«Россия 24» հեռուստաընկերության «1/6» հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր Հայաստանին, որի շրջանակում ներկայացվել է նաև հաղորդման հեղինակ և վարող Կիրիլ Վիշինսկու հարցազրույցը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:  

«Россия 24» - Պարոն նախագահ, Հայաստանին շատ հարցերով օգնում է Սփյուռքը: Այդ մարդիկ, ովքեր ակտիվորեն օգնում են իրենց երկրին գումարով, չեն կարող մասնակցություն ունենալ երկրում իշխանության ընտրության հարցում: Հայկական օրենսդրությունն այնպիսին է, որ խորհրդարանական ընտրությունների համար արտերկրում ընտրատեղամասեր նախատեսված չեն: Դա արդա՞ր է:

- Նրանց մասնակցությունն ընտրական գործընթացին, առավել ևս եթե ցանկանում ենք այդ գործընթացը ժողովրդավարական դարձնել, խնդրի երկրորդ մասն է: Մենք փոքր երկիր ենք, բայց՝ համաշխարհային ազգ: Ռուսաստանում երևի բնակվում են նույնքան հայեր, որքան Հայաստանում: Այդ մարդկանց մեծ մասն ունի ՀՀ անձնագիր, նրանցից ոմանք հարկեր են վճարում Հայաստանում: Սակայն սա խնդրի երկրորդ մասն է: Առաջինն այն է, որ մարդիկ ոչ միայն չեն կարող մասնակցել կառավարության կամ այլ մարմինների ընտրություններին, նրանք չեն կարող մասնակցել, չեն կարող իրենց ներդրումն ունենալ երկրի կառավարման գործում:

Հիմա մենք Դիլիջանում ենք, որտեղ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն է: Սա արդեն երրորդ գագաթնաժողովն է, հավաքվում են նաև հայեր Հայաստանից, Ռուսաստանից, այլ երկրներից: Ես քննարկում էի ունենում մի հիանալի անձնավորության՝ Նուբար Աֆեյանի հետ: Նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ստեղծել է ԱՄՆ-ում երկրորդ պատվաստանյութը: Նուբարը չի կարող Հայաստանում լինել գիտության նախարար: ՀՀ Սահմանադրությամբ վերջին 4 տարիների ընթացքում նա պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի և այդ ընթացքում բնակվի միայն Հայաստանում: Բայց չէ՞ որ սա մեծ հարստություն է, մարդիկ, ովքեր բնակվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, մեծ ճանապարհ են անցնել, ունեն մեծ փորձառություն: Կամ լորդ Դարզին, ով թիվ մեկ վիրաբույժն է, բժիշկը, քաղաքական գործիչ, ինչո՞ւ նա չի կարող լինել Հայաստանի առողջապահության նախարար: Կարելի է հրավիրել մարդու, ով ամեն բան ավելի լավը կդարձնի, մարդ, ով ունի մեծ կապեր, ով տարբեր երկրներում՝ Ճապոնիայի մինչև ԱՄՆ և Կատար ստեղծել է առողջապահական համակարգեր: Եվ նրանք շատ են: Տիգրան Խուդավերդյանը մեծ ռուսական ընկերության ղեկավարներից մեկն է, որը կոչվում է «Յանդեքս»: Հիանալի, երիտասարդ, տաղանդավոր մարդ է:

Երբ ասում եմ, որ կառավարման որակը պետք է բարձրացնել, նկատի ունեմ նաև դա: Հայաստանն ունի նման մարդկանց ահռելի մեծ ներուժ, սակայն մենք այն չենք օգտագործում: Կառավարումն առանցքն է: Մենք նման ենք Ծոցի երկրներից մեկին, որը նավթային մեծ ռեսուրսներ ունի, սակայն որոշել ենք, որ այդ նավթից չենք օգտվելու:

--00—ՄՀ