Եթե Սամվել Բաբայանը, Ա. Քոչարյանը կամ Արծրունն են քննելու պատերազմի հանգամանքներն, ամեն ինչ պարզ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

«Պետք է ձևավորվի դիմադրություն, որը կկանխի Հայաստանի թուրքացումը, Արցախի հայաթափումը և նոր զիջումները։ Նոյեմբերի 8-ի հանրահավաքն արժանապատվության, ազգային համահայկական դիմադրութուն ձևավորելու հանրահավաք է, որպեսզի կարողանանք դիմադրել ու կանխել երկիրը հերթական զիջումների տանելու գործընթացը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում ակտիվ քննարկումներ, բանակցություններ են ընթանում սահմանների բացման, ճանապարհների տրամադրման վերաբերյալ, ընդդիմության հաղթանակի դեպքում հնարավո՞ր է փոխել այդ աշխարհքաղաքական գործընթացները, Սաղաթելյանը պատասխանեց.

«Մեզ հաճախ ասում են՝ պաթոս է՝ ազգային պետություն, Արցախի կարգավիճակ, անկախություն, մեր ճակատագիրը որոշված է, և ինչ ուղղությամբ գերտերությունները տանեն, այդ ուղղությամբ էլ պիտի գնանք, բայց մենք այդպես չենք մտածում: Մենք մտածում ենք, որ ամեն ինչ վերջացած չէ, մեր ճակատագիրն այլ պետությունների ձեռքում չէ, կախված է մեզանից, թե ինչ պետություն ենք ուզում ունենալ, ինչքան ենք պատրաստ այդ պետության համար պայքարել, զոհաբերվել և որոնք են Հայաստանի, Արցախի ապագայի մասին մեր պատկերացումները: Մեր և իշխանության հակադրության պատճառը հենց դա է, որ իրենց պատկերացրած Արցախն ու Հայաստանն ուրիշ  ճանապարհ է, մեր պատկերացրածը՝ լրիվ այլ ճանապարհ»:

Անդրադառնալով պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու հանգամանքին՝ Սաղաթելյանը նշեց. «Եթե քննիչ հանձնաժողովում պատերազմի հանգամանքները Սամվել, Բաբայանը, Անդրանիկ Քոչարյանը, Արծրունը պետք է քննեն, ուսումնասիրեն և պատասխաններ տան, արդեն պարզ են այդ պատասխանները: Եթե մեկի մտքով անցնում է, որ այդ կազմով կարող ենք  պատերազմը քննել և իրական պատճառները հայտնաբերել, մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում: Ո՞նց եք պատկերացնում, այն մարդիկ, ովքեր մասնակից են ամբողջ պրոցեսին, պետք է պատերազմի դեպքերն ուսումնասիրեն և հասարակությանը բավարար պատասխան տա՞ն. սա շոու է, մեղավորներ նշանակելու արշավ է, որով փորձելու են կոծկել այդ հարցերը: Այն մարդկանց, ում պետք է հարցեր տան, թե ինչի՞ են խաբել, նրանց ներգրավվել են հանձնաժողովում, որ իրենք հարցեր տան ու պատերազմի պատճառները քննեն, դա լուրջ չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում։