Եռակողմ հայտարարությունից՝ 1 տարի անց․ 8-րդ և 9-րդ կետերն ամբողջությամբ դեռ կյանքի չեն կոչվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

արցախ

2020 թվականի սեպտեմբերի 27-ից 44 օր անց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին եռակող հայտարարություն, համաձայն որի՝ նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում էր ամբողջական հրադադար և ռազմական գործողություններն ավարտվում էին։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ պետք է կանգ առնեին իրենց զբաղեցրած դիրքերում:

9 կետից բաղկացած հայտարարության մեջ պարտադիր պահանջ էր նաև կողմերի միջև ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակումը, սակայն ադրբեջանական կողմը ցայսօր չի ապահովել հայտարարության՝ ռազմագերիների մասով կետը։

Կյանքի չի կոչվել նաև հայտարարության 9-րդը, որը ենթադրում էր տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակման պահանջ: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում էր տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն պետք է իրականացնեին ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ագրեսիա Արցախի դեմ։ 44 օր տևած պատերազմի հետևանքով թշնամին օկուպացրեց Արցախին հարակից Ջաբրայիլ (Ջրական), Զանգելան (Կովսական), Ֆիզուլի (Վարանդա),  Կուբաթլու (Սանասար) շրջանները, ինչպես նաև Հադրութը, Շուշին, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը։ Պատերազմը կանգնեց նոյեմբերի 9-ին,  երբ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը հանդես եկան եռակողմ հայտարարությամբ, ըստ որի կողմերը կանգնեցին այդ պահին զբաղեցրած դիրքերում, իսկ Բաքվի վերահսկողության տակ  անցան նաև Աղդամը (Ակնա), Քելբաջարը (Քարվաճառ) և Լաչինը (Բերձոր)։ Լաչինում ստեղծվեց հինգ կիլոմետրանոց միջանցք՝ Հայաստանի հետ Արցախի կապը պահելու համար, շփման գծի երկայնքով տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Արյունոտ և ողբերգական պատերազմի ժամանակ հայկական կողմը, ըստ պաշտոնական տեղեկությունների, տվեց շուրջ 4000 զոհ։

--00—ԼՄ