«Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շինաշխատանքները կավարտվեն 2022թ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

․

«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2022 թվականին։

Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով նախաձեռնող կողմի առաջարկով  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման աշխատանքներում ներգրավված «Sweco» միջազգային խորհրդատվական ընկերության ֆինանսական հարցերի միջազգային փորձագետ, նախագծի ղեկավարի տեղակալ Հենրիկ Տորեմարկին, նախագծի ազգային փորձագետների խմբի ղեկավար Մարիա Բարաղամյանին, բնապահպանական, սոցիալական եւ իրավական հարցերի փորձագետ Ալիսա Սավադյանին եւ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ տնօրեն Սերգեյ Համբարձումյանին։

Ինչպես հանդիպման սկզբում նշել է  Հենրիկ Տորեմարկը, ծրագրի նախաձեռնող կողմի անդամների նպատակն է՝  Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկել եւ պայմանավորվածություն ձեռք բերել մարզպետարանի հետ սերտ համագործակցություն ծավալելու՝ մարզից հստակ եւ ընդգրկուն տեղեկատվություն ստանալու եւ ներդրումային ծրագիրը կյանքի կոչելու, մարզում աղբահանությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը նշել է, որ մարզպետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է աջակցել ծրագրի իրականացմանը եւ խորհրդատվական ընկերության հետ ձեւավորել աշխատանքային ակտիվ համագործակցություն:

Ինչպես խոսվել է հանդիպման ընթացքում, Հայաստանի Հանրապետության ու «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի» միջև ստորագրված «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համաձայնագրի շրջանակում Հրազդանի վարչական տարածքում կկառուցվի ԵՄ չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: Երկու մարզի բնակավայրերում կներդրվի աղբահանության արդյունավետ համակարգ, Կոտայքի մարզի Ակունք եւ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքներում կկառուցվեն աղբի փոխաբեռնման կայաններ։

«Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» ընդհանուր բյուջեն 11 միլիոն եվրո է, որից 5,5 միլիոն եվրոն հանդիսանում է վարկային միջոց, 5,5 միլիոն եվրոն`դրամաշնորհ: Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության, «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի», Արեւելյան Եվրոպայի էներգախնայողություն եւ շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի», Եվրոպական հարեւանության ներդրումային հիմնադրամի» կողմից:

«Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շինարարական աշխատանքները, ինչպես նշվել է հանդիպման ընթացքում, նախատեսված է ավարտին հասցնել 2022 թվականին:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ նմանատիպ քննարկումներին տալ պարբերական բնույթ՝ աշխատանքներում ներգրավելով միջազգային եւ տեղի փորձագետների փորձն ու գիտելիքները:

--00--ԱՀ