Մի խումբ անձինք ոստիկանության ստորաբաժանումներում կամավոր ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

ю

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի, Նոր Նորքի, Մալաթիայի և Էրեբունու բաժններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Մաշտոցի բաժնում գրանցվել է «Կալաշնիկով» ինքնաձիգի և կարաբին հրացանի կամավոր հանձնման դեպք, Նոր Նորքի բաժնում՝ ատրճանակի, Մալաթիայի բաժնում՝ «Իժ» հրացանի ու ռազմամթերքի, Էրեբունու բաժնում՝ ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակի։

«Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի և Ճամբարակի բաժիններում։ Մասնավորապես, Գավառի և Սևանի բաժիններում՝ ատրճանակների, Մարտունիում և Ճամբարակում՝ նռնակների և փամփուշտների։  Արթիկի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Շիրակի մարզի մի բնակիչ կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։ Արտաշատի բաժին զանգած տղամարդն էլ հայտնել է, որ պատերազմի մասնակից է և Արտաշատի երկաթգծի կայարանի մոտ զենք է թողել։ Նրա նշած վայրում հայտնաբերվել են «մուխա» հակատանկային նռնականետի նմանվող նռնականետ ու փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Եղեգնաձորի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Եղեգնաձորում արձանագրվել է զինամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների, Ջերմուկում՝ զինամթերքի ու երկփողանի հրացանի կամավոր հանձնման դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքերի առթիվ նշանակվել են փորձաքննություններ։

ՀՀ ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

--00--ԱՀ