Մեր տղաները կասեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումը․ Գորիսի փոխհամայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

Հասարակական

Ոչ մի կրակոց չի եղել,  ձմեռամուտին համապատասխան, մեր տղաներն իրենց դիրքերը բարելավել են, ապահովել են։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարո Քոչարյանը՝ անդրադառնալով Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպին։

Ավելի վաղ 24News-ը գրել էր, որ Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև այն բանից հետո, երբ մեր զինվորները ՀՀ տարածքում իրականացրել են ամրաշինական միջոցառումներ։ Հարցին միջամտել են ռուս զինվորականները։

«Կրակոցներ, ընդհարումներ չեն եղել», - նշեց Քոչարյանը։

Գորիսի փոխհամայնքապետն ասաց, որ հայկական կողմը փորձել է իր դիրքերն ապահովել, նույնն էլ՝ ադրբեջանական կողմը։ «Մեր տղաները կասեցրել են նրանց առաջխաղացումը, ընդհանուր գործողությունները։ Ներկա պահին ամբողջությամբ խախանդ է, ընդհանրապես ոչ մի բան չկա», - ընդգծեց նա։

Քոչարյանի խոսքերով՝ ադրբեջանական կողմը ոչ մի ինժիներական աշխատանք չի կատարել։

«Մերոնք չեն թույլատրել հակառակորդի շարժը։ Ընդամենը դիրքային փոփոխություններ են արել ձմեռամուտին համապատասխան։ Մեր տղաները բարձրաձել են վերև, չեն թույլատրել, որ հակառակորդը նույնպես տեղաշարժ անի», - եզրափակեց Գորիսի փոխհամայնքապետը։

--0--ԿԿ